Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի մասնակիցը բուժման համար 35 հազար եվրո է խնդրում կառավարությունից


Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը, Երևան, 5-ը հուլիսի, 2019թ.
Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը, Երևան, 5-ը հուլիսի, 2019թ.

Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը Թալիշում ապրիլի 4-ին «Գրադ»-ի ականի պայթյունից ողնաշարից վիրավորվել է։ Այժմ առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել. մարմնում դեռ բեկորներ կան, որից մեկը մոտեցել է ողնուղեղին։ Այստեղ երկու անգամ վիրահատվելուց հետո իր հրամանատարի օգնությամբ մեկնել է Գերմանիա՝ հետազոտվելու։

«Գերմանացի մասնագետներն էլ էին զարմացած, որովհետև իմ դեպքը բացառություն է, վերջին 70-75 տարվա մեջ առաջին դեպքն է, որ մարդու ողնուղեղը 3,5 մմ վնասվի ու մարդ քայլի։ Իրանք էլ էին զարմացած, որ Հայաստանում նման վիրահատություն է արվում։ Մեկ շաբաթ հետազոտման արդյունքում եզրակացությունը եղավ այն, որ վեց շաբաթում իրանք կապահովեն իմ քայլքը, առանց ձեռնափայտի կարամ 10 կիլոմետր ազատ տեղաշարժվեմ։ Դրանից հետո նոր ձեռնափայտը պետք կգա։ Զգացողությունների հետ կապված, իրանք ասեցին՝ «մենք դրա մասին չենք կարա ասենք, որ կվերականգնվի», ասեցին՝ հնարավոր է, որ էդ վարժությունների, ապարատուրաների շնորհիվ օրգանիզմի այլ ֆունկցիաները, որ վնասված է, դրանք էլ վերականգնվեն։ Ի՞նչն էր պատճառը, որ անցած տարի բեկորը ողնուղեղիցս մեկ սանտիմետր հեռու էր, էդ ժամանակ իրանք ընդեղ ռիսկ չարեցին վիրահատեն, ասեցին՝ «մենք ռիսկ չենք անի վիրահատենք», այդ իսկ պատճառով խորհուրդ տվեցին գնամ Շվեյցարիա, Ցյուրիխ քաղաք», - նշեց Սեխլիյանը։

Իսկ ահա Շվեյցարիայում առաջարկել են երկօրյա հետազոտություն անցնել, որը կարժենա 6680 եվրո, ինչից հետո միայն կունենան պատասխանը՝ արդյո՞ք կարող են վիրահատել, թե՞ ոչ։ Սակայն նախքան դա՝ այժմ Գերմանիայում բուժում ստանալու համար Հայկ Սեխլիյանից պահանջել են 35 հազար եվրո։

«Եկա Հայաստան, բերած եզրակացությունը տվեցի Առողջապահության նախարարություն, ավելի ճիշտ, քանի որ ես զինծառայող եմ, Բուժվարչություն եմ տվել, իրանք էդ թղթերն ուղարկել են Առողջապահության նախարարություն։ Էստեղ բառախաղացում է գնում, ինչ ա, որ Գերմանիայում նշել են, որ «մենք բուժումը կանենք վերականգնողական մեթոդիկայով և նորագույն տեխնոլոգիաներով», ասում են՝ «մենք Հայաստանում էլ ունենք վերականգնողական»։ Ասում եմ՝ լավ, ունեք, էս երեք տարի ա` բուժեք, թող հիմա մի հատ վերականգնողական կենտրոն կամ մասնավոր բուժհաստատություն ասի՝ «հա, կբուժենք», թեկուզ մի տարի հետո, ես էլի մեծ սիրով պատրաստ եմ նստեմ ու ստեղ շարունակեմ», - ասաց ապրիլյան պատերազմի մասնակիցը։

Բուժման համար անհրաժեշտ 35 հազար եվրոն ստանալու խնդրանքով Հայկը դիմել է մի քանի գերատեսչությունների։ Իր խոսքով՝ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս ո՛չ դրական, ո՛չ բացասական արձագանք չի եղել։

«Կարգադրեց կողքի օգնականներին, որ էս հարցով շուտ զբաղվեն, աչքաթող չանեն, ու էս մի տարի ա ո՛չ դրական, ո՛չ բացասական արձագանք չկա», - ասաց Սեխլիյանը։

Երկու անչափահաս երեխայի 33-ամյա հայրը նշում է՝ արտերկրի բժիշկների փոխանցմամբ՝ Գերմանիայում բուժումն ուշացնելը վիճակն ավելի կբարդացնի։

«Անցած տարի նոյեմբերին որ գնացի, իրենք ասեցին՝ «ամեն օրը ի վնաս քեզ է աշխատում՝ ուշացումով», - ընդգծեց Հայկ Սեխլիյանը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից «Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է Հայկ Սեխլիյանի բուժումը վերականգնողական կենտրոնում իրականացնել, թե՞ ոչ, պատասխանեցին. «Վերականգնողական բուժում ինքը կարող է անցնել, սակայն Հայկը ցանկանում էր, որպեսզի լինի վիրահատական միջամտություն, որը մեր վերականգնողական կենտրոնում հնարավոր չէ։ Մենք բացառապես վերականգնողական կենտրոն ենք, մենք վիրաբուժական միջամտություններ որևէ տեղում չենք ցուցաբերում»։

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «ուսումնասիրում են Գերմանիայում կատարված վերջին հետազոտությունների պատասխանները` հասկանալու, թե իրենց լիազորության սահմաններում ինչով կարող են աջակցել»։

Խնդրին անդրադարձել է նաև վարչապետի կնոջ` «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի գրասենյակը՝ տեղեկացնելով, որ Հայկ Սեխլիյանի հարցով արդեն «դիմել են բազմաթիվ կազմակերպությունների, բժշկական կենտրոնների, բարերարների, բուժման համար անհրաժեշտ գումարի հայթայթումն ընթացքի մեջ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG