Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, բեկանվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող առաջին ատյանի դատարանի որոշումը, և այն նույն դատարանում պետք է քննվի՝ այնտեղից, որտեղից ընդհատվել է։
Առաջին ատյանում, սակայն, մինչև օրս չի վերսկսվել գործի քննությունը, չնայած վերաքննիչը որոշումը կայացրել է դեռ հունիսի 25-ին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի պնդմամբ՝ պատճառը վերաքննիչի կողմից ստեղծված տեխնիկական խոչընդոտներն են, գործով նյութերը չեն ուղարկվում առաջին ատյան:
«Վերաքննիչ դատարանում կարծում են, որ իրենք այդ գործի նյութերն իրենց մոտ պետք է պահեն այնքան, մինչև վճռաբեկ բողոքարկման ժամկետը լրանա, նոր վերադարձնեն առաջին ատյանի դատարան, ինչն իրավական հիմքեր չունի, իրենք պետք է անհապաղ այդ գործը վերադարձնեին, առաջին ատյանն էլ պետք է անհապաղ սկսի գործի քննությունը, կայացնի դատական ակտ, էդ թվում՝ գիտենք, դատախազությունն է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել, էդ միջնորդությունը պետք է քննվի, պաշտպաններն են տարբեր միջնորդություններ ներկայացրել էս փուլի համար, դրանք բոլորն անհապաղ պետք է քննվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խուդոյանը։
Նման տեխնիկական խնդիր էր առաջացել նաև առաջին ատյանի որոշումից հետո, երբ դատավոր Գրիգորյանը նյութերն ուղարկել էր Սահմանադրական դատարան և վերաքննիչը հնարավորություն չուներ քննել դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքը:
Խնդիրն այն ժամանակ լուծվեց պատճենահանմամբ։ Հարցին, թե ինչո՞ւ հիմա նույնը չի արվում, եթե, ըստ էության, հենց վերաքննիչի որոշումն է կատարվում, Խուդոյանը պատասխանեց՝ կարծում է, որ վերաքննիչը դիտավորյալ է ձգձգում գործընթացը։
«Մենք կողմնապահ ենք, մեր անունից չեմ ասում, նաև մի շարք այլ իրավաբանների կարծիքով՝ նման դատական ակտ գոյություն չէր կարող ունենալ, և այս դատական ակտն իրավական հիմքեր չունի, և ենթադրվում է, որ առաջին ատյանի դատարանը նույն իրավիճակում կարող է կայացնել նույն տիպի որոշումներ, և նման գործընթացից խուսափելու միտում է, իմ կարծիքով», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ հենց առաջին ատյանի դատավորն էր որոշել կալանքից ազատել Քոչարյանին, և նույն որոշումը դարձյալ կայացնելու դեպքում մեղադրող կողմի բողոքարկումը վերաքննիչում մակագրվելու է արդեն մեկ այլ դատավորի, օրինակ, վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանն այս գործով անցած տարի արդեն մեկ անգամ որոշում է կայացրել ազատ արձակել Քոչարյանին:
Քոչարյանի պաշտպանական խումբը մտահոգություն ունի՝ առաջին ատյանում գործի քննության վերսկսումը ձգձգվում է Քոչարյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահելու համար:
Խուդոյանն ասաց՝ անկախ նրանից վերաքննիչի որոշումը վճռաբեկում կբողոքարկվի՞, թե՞՝ ոչ, առաջին ատյանի քննությունը դրանից չի կարող կանգնել. - «Միջանկյալ ակտերի վերաբերյալ, եթե բերվում է վերքաննիչ բողոք և վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում, էդ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ժամկետ չկա օրինական ուժի մեջ մտնելու, այսինքն՝ հիմա արդեն հստակ հաստատված է, որ առաջին ատյանում վարույթը շարունակվում է»։
Սահմանադրական դատարանն արդեն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը վերջինիս մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանդրականության հարցի վերաբրեյալ:
Նույն հարցով ՍԴ էր դիմել նաև առաջին ատյանը, վերաքննիչը, սակայն, բեկանել էր այս որոշումը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը չի կարող վարույթ ընդունել առաջին ատյանի դիմումը: Բարձր դատարանը հայտարարել էր, որ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:
Խուդոյանն ասաց՝ առաջին ատյանի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցն արդեն ՍԴ որոշման տիրույթում է: