«Հյուրասենյակում 5 հոգի է քնում, տանը ընդհանուր 15-20: Մնացածն այլ տանն են գիշերում, շուտով ևս 15-ը Տաջիկստանից գալու են: Այստեղ հիմա 35-ն ենք, 150 հեկտար բամբակ ենք ցանել: Անցած տարի ջրի խնդիր եղավ, բայց այդուհանդերձ բամբակ կարողացանք ստանալ», - պատմում է 62-ամյա Ալեմ Խոջա Շարեփովը։
Շարեփովը, կամ պարզապես Ալիմը խմբի բրիգադիրն է: Նա ասում է, որ աշխատակիցներն այստեղ ստանում են 400 դոլար: 10 երեխաների հոր խոսքով, դա Տաջիկստանում մեծ գումար է, իրենց հայրենիքում միջին աշխատավարձը կազմում է 120-140 դոլար․ - «Շատ լավ աշխատավարձ է, ընտանիքներիս հերիքում է»:
Տաջիկներն այստեղ են գործարար Գագիկ Խաչիկյանի հրավերով: Ամիսներ առաջ այստեղ աշխատող առաջին ու արդեն Հայաստանից հեռացած խմբի անդամները պնդում էին, որ գործատուն իրենց աշխատավարձը չի տալիս: Նրանք անգամ հասել էին Երևան՝ իրենց խնդիրը բարձաձայնելու։
Աշխատավարձերի հարցն արդեն լուծվել է․ հիմա Տաջիկստանի քաղաքացիները հավաստիացնում են, որ ամեն ամիս գումար են ստանում և ուղարկում հայրենիք։
Խաչիկյանի բամբակի գործին այժմ աջակցում ու ֆինանսավորում է տրամադրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Աշխատողներն ամեն օր արթնանում են ժամը վեցին, նախաճաշում են և ուղևորվում ավելի քան 1000 հեկտար կազմող դաշտերը:
Ճաշի ընդմիջման ավարտին անմիջապես վերադառնում են դաշտեր՝ մինչև երեկո աշխատելու:
Այսօր, օրինակ, քաղհան էին անում․ - «Այս խոտերը հեռացնում ենք, որովհետև երբ կա, բանակը չի կարողանում շնչել, չի թողնում բամկակին աճել, պետք է հեռացնել, որ խոչընդոռներ չունենա»:
29-ամյա Սայիդ Ռահմուն հայրենիքում ընդամենը մեկ երեխա ունի: Նա անկեղծանում է, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, երկու ամիս է ինչ այստեղ է բայց հասցրել է մի քիչ հայերեն սովորել:
Արարատյան դաշտավայրում որակյալ բամբակ աճեցրել են նաև խորհրդային տարիներին:
Արաքսի համայնքապետ Վարդան Գրիգորյանի խոսքով, առաջին բերքից նմուշները տարել են փորձաքննության, տաջիկների աճեցրած բամբակը որակական խնդիրներ չունի։ Միայն այն, որ արդյունքում հողատարածքներ են մշակվում անգամ սահմանային գոտում արդեն իսկ մեծ օգուտ է համայնքին․ - «580 հեկտար տարածք կոնկրետ մեր համայնքի, գտնվում է սահմանի ներսում: Հիմա պատկերացրեք էդքան բերրի հող, որը չի մշակվում»:
Համայնքապետի խոսքով, եթե բամբակի գործը ի վերջո ստացվի, կշահի ողջ շրջանը։
Այս տարի բամբակ կսկսեն հավաքել արդեն աշնանը: Տաջիկների խմբի ղեկավար Ալիմը մեր նկարահանման ավարտին հայտնեց, որ բամբակի լավ բերք են ակնկալում: