Մատչելիության հղումներ

Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանի նախագահները դատապարտել են Թուրքիայի գործողությունները


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը այսօր Նիկոսիայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունները։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են, և որ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, եղել է ու կմնա միակ ձևաչափը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը դեռևս 1975 թվականին Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում երկրորդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելին, 2015 թվականին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև, իսկ ապրիլի 24-ը պետականորեն սահմանել հիշատակի օր: Նույն համոզմունքով է, որ 2015 թվականի մարտի 24-ին Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին, ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Կիպրոսին։ Կողմերը դատապարտել են Թուրքիայի ոտնձգությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Միրզոյանը Ազգային ժողովի անունից շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամներին այս տարվա հունիսի 28-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG