Կրեմլը այսօր խոստովանեց, որ կործանված սուզանավը ուներ ատոմային ռեակտոր։ Ռուսաստանի նախագահին այս մասին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով վերադարձել է Սևերոմորսկից։
Շոյգուի խոսքով՝ հուլիսի 1-ին տեղի ունեցած վթարի պատճառը մարտկոցներից մեկի անսարքությունն էր, ինչի հետևանքով հրդեհ էր սկսվել, սակայն նավաստիների գործողությունների արդյունքում կանխվել է ավելի մեծ աղետը, և կրակը չի հասել սուզանավի կամ սարքի այն հատված, որտեղ տեղադրված է միջուկային ռեակտորը։
«Այն հատվածը, որտեղ միջուկային ռեակտորն է, լիովին մեկուսացված է», - Վլադիմիր Պուտինին զեկուցել է Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, թե անձնակազմը ձեռնարկել էր բոլոր անհրաժեշտ միջոցները ռեակտորի պաշտպանության համար:
Կրեմլը խոստովանել է ատոմային ռեակտորի մասին, սակայն աղետի հետ կապված շատ հարցեր դեռ մնում են անպատասխան։ Մասնավորապես, մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է տեղի ունեցել հրդեհը՝ «Լոշարիկ» կոչվող սարքո՞ւմ, թե՞ ատոմային սուզանավում, որն այդ սարքը տեղափոխում է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս մասին հստակ տեղեկություն չի հայտնում, իսկ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, որ աղետի որոշ մանրամասներ չեն հրապարակվի, քանի որ դա պետական գաղտնիք է։
Երեկ պաշտպանության նախարարությունը հրապարակել է բոլոր 14 զոհվածների անունները։ Զոհվել են 7 առաջին աստիճանի կապիտաններ, նրանցից 2-ը՝ Ռուսաստանի հերոսներ, 3 երկրորդ աստիճանի կապիտաններ, 2 երրորդ աստիճանի կապիտաններ, կապիտան-լեյտենանտ և բժշկական ծառայությունների փոխգնդապետ:
Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է որ պետությունը կօգնի զոհվածների ընտանիքներին, մասնավորապես՝ մինչև երեխաների չափահաս դառնալը բոլոր ընտանիքները կշարունակեն ստանալ զոհված նավաստիների աշխատավարձերը։ Պարզ չէ, թե այդքան շատ բարձրաստիճան ծովայինները միասին ինչ էին անում մեկ սուզանավում, ինչ գործողության էին մասնակցում, ինչ խնդիր էին իրականացնում, կամ ինչ էր փորձարկվում՝ այդ ամենի մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, 2015 թվականին Պենտագոնի փորձագետները հայտնել էին, որ AC-12-ը դիվերսանտ սարք է, որն օգտագործվում է ստորջրյա ենթակառուցվածքների ոչնչացման համար և գլոբալ հակամարտության դեպքում կարող է լրջորեն վնասել ինտերնետի աշխատանքը: «Լոշարիկ» սարքը կարող է աննկատ մոտենալ ամենախիստ ռեժիմում պահպանվող օբյեկտներին և դիվերսիոն աշխատանքներ կատարել։
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Բարենցի ծովում, ռուսական որոշ լրատվամիջոցներ այսօր գրում են, որ հրդեհը սկսվել է երեկոյան ժամը 9-ին։ Պաշտոնական Մոսկվան վթարի մասին հայտարարել է մեկ օր անց՝ հուլիսի 2-ին։