Մատչելիության հղումներ

Գարեգին Բաղրամյանը կարծում է՝ «Գազպրոմ Արմենիա»-ն 2019-ին գազի գնի բարձրացման հայտ չի ներկայացնի


Գարեգին Բաղրամյան, արխիվ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը կարծում է` «Գազպրոմ Արմենիա»-ն 2019 թվականին գազի գնի բարձրացման հայտ չի ներկայացնի, չնայած ռուսական լրատվամիջոցների հակառակ պնդումներին:

Չնայած 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազը ստանում է 165 դոլարով՝ 15 դոլարով թանկ նախկինից, «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին սպառողները գազը ստանում են նախկին 150 դոլար գնով: Բաղրամյանը ասում է՝ չի կարող վստահեցնել՝ գազի այս սակագինը կպահպանվի՞ նաև 2020 թվականին, թե՞ ոչ:

«Քանի որ բանակցությունները որևիցե կողմ չի ասել, որ ավարտված են, չեմ կարծում, որ որևիցե վերջնական լուծում արդեն կա։ Մամուլը ընդամենը ենթադրություններ է անում», - նշեց Բաղրամյանը։

Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Սերգեյ Պրիխոդկոն դեռևս ապրիլին ասել էր, թե մինչև հուլիսի 1-ը Երևանն ու Մոսկվան պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչև 2030 թվականը գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ։ Արդյո՞ք բանակցությունների վերջնական ավարտը պայմանավորված է հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցով:

«Բանակցությունները մի քանի փուլով են ընթանում, էն փուլով, որ ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, կարծում եմ, որևիցե կապ չունեն Ռուսաստանի նախագահի այցի հետ, դրա հետ կարելի է կապվել ավելի շատ սահմանին գազի գնի ձևավորման հարցում։ Սահմանի հետ կապված բանակցություններին ես չեմ մասնակցում», - նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Իսկ ներքին գնի շուրջ բանակցությունը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ Բաղրամյանը գնահատում է արդյունավետ ու կառուցողական: Սահմանին 165 դոլարով ստացվող գազը «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողին հասցնում է 290 դոլարով: «Փորձում ենք օպտիմալացնել «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերը», - ասաց Բաղրամյանը։

«Ենթաօրենսդրական փոփոխություն ենք արել, օրինակ, գազի մատակարարման և օգտագործման կանոններում, որը կարող է բերել նաև որոշակի ծախսերի օպտիմալացման։ Էդ բոլորի համատեքստում նաև էդ բանակցություններն արվում են։ Էն ներդրումային ծրագրերը, որոնք իրենք նախատեսում են և այս պահին նախարարության հետ քննարկվում է մինչև 2030 թվականը գազամատակարարման ամբողջ սխեման, էդ ներդրումները նույնպես բերում են որոշակի արդյունքների, որը մի կողմից բերելու է որոշակի ծախսային շահույթի մաշվածության ավելացման, բայց նաև կրճատելու է կորուստներ, կրճատելու է շահագործման, պահպանման ծախսեր։ Այսինքն այս համատեքստում ամբողջ այդ պրոցեսը հիմա բանակցվում է», - նշեց Բաղրամյանը։

Օրերս թեմային անդրադարձել էին նաև ռուսական լրատվամիջոցները: Ռուսական «Գազետա»-ն «Գազային պատերազմ. Հայաստանը հարձակում է սկսել «Գազպրոմ»-ի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, թե Հայաստանը սկսել է ճնշել «Գազպրոմ Արմենիա»-ին, բայց միևնույն է գազի գնի նվազում սպասել պետք չէ։ Հոդվածագիրը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի հունիսի 5-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված 10 մլն դրամի չափով տուգանքը, որը «Գազպրոմ»-ից որակել էին ոչ իրավաչափ:

Ընկերության հանրային կապերի ծառայությունից Միքայել Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս փուլում այդ գնահատականից բացի ոչինչ չեն ուզում ասել: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ ասում է՝ տուգանքը գազի գնի հետ կապ չունի։

«Որևիցե մեսիջներ դրանով չեն կարող ուղղվել, որովհետև դրանք ունեն պարբերական բնույթ։ Դրանից մեկ շաբաթ, թե 10 օր առաջ էլ եղել է նախազգուշացում, որը նույնպես տույժի տեսակ է ըստ օրենքի», - ասաց Բաղրամյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չպետք է լինի գազի գնի մեծ տարբերություն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում։ Մոսկվան, սակայն, գոնե հրապարակային գազի գինը իջեցնելու պատրաստակամություն չի հայտնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG