Մատչելիության հղումներ

Պուտինը հանձնարարել է Շոյգուին անձամբ հետևել սուզանավի միջադեպի հետաքննությանը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Բարենցի ծովում 14 բարձրաստիճան նավաստիների կյանքը խլած ՌԴ պաշտպանության նախարարության գաղտնի սարքի վթարի պատճառը էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովող մարտկոցներից մեկի հետ կապված խնդիրներն էին: Այս տեղեկությունը, հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ում իր աղբյուրներին, հայտնել է «Ֆորբսը»:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հրդեհը բռնկվելուց հետո նավաստիները սարքի այդ բաժնից դուրս են բերել մի քաղաքացիական անձի և փորձել են սեփական կյանքի գնով փրկել սարքը և թույլ չեն տվել, որ հրդեհը տարածվի ատոմային սուզանավի մյուս հատվածները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին տեղի ունեցած միջադեպը «սարսափելի կորուստ» է որակել և հանձնարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին անձամբ լսել զեկույցները և հետևել քննչական աշխատանքներին՝ պարզելու, թե ինչի հետևանքով են զոհվել հետազոտական AC-12 սուզանավի անձնակազմի 14 անդամները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հունիսի 1-ին վթարի է ենթարկվել նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական սուզանավը: 14 մարդու մահվան պատճառ դարձած վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքային ջրերում:

Նախարարությունը հաղորդում է, որ նավաստիները խեղդվել են բռնկված հրդեհի ծխից: Հրդեհը մարվել է, սուզանավը փոխադրվել է Սևերոմորսկի ռազմական նավահանգիստ:

Ողբերգական վթարի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում: Այսօր Սևերոմորսկ է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

2015-ին Պենտագոնի փորձագետները հայտնել էին, որ AC-12-ը դիվերսանտ սարք է, որն օգտագործվում է ստորջրյա ենթակառուցվածքների ոչնչացման համար և գլոբալ հակամարտության դեպքում կարող է լրջորեն վնասել ինտերնետի աշխատանքը:

«Լոշարիկ» սարքը կարող է աննկատ մոտենալ ամենախիստ ռեժիմում պահպանվող օբյեկտներին և դիվերսիոն աշխատանքներ կատարել։

Ռուսաստանի իշխանությունները մանրամասն տեղեկություն սարքի անձնակազմի առջև դրված խնդիրների մասին չեն հրապարակում և չեն հրապարակելու, քանի որ դա պետական գաղտնիք է։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Պուտինին աղետի մասին տեղյակ են պահել անհապաղ, իսկ հանրությանը՝ ժամանակին։

Պեսկովի խոսքով՝ սուզանավում տեղի ունեցած աղետի որոշ մանրամասներ պետական գաղտնիք են և հրապարակման ենթակա չեն։

Նավաստիներն, այդ թվում՝ Ռուսաստանի երկու հերոս, զոհվել էին դեռևս հուլիսի 1-ին, սակայն աղետի մասին Պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ օր անց՝ հուլիսի 2-ին։

Հայտնի է, որ զոհված նավաստիները ծառայությունն անցնում էին Սանկտ Պետերբուրգի գաղտնի ռազմաբազաներից մեկում։

Ի՞նչ է հայտնի սարքի մասին. «Լոշարիկ» սարքը չի տեղափոխում սպառազինություն, սակայն կարող է սուզվել մինչ 600 մետր, անձնակազմը բաղկացած է 25 սպաներից։

Հետաքննական The Bell պորտալի գնահատմամբ, նման սարքի արժեքը կարող է հասնել մինչև 1,5 միլիարդ դոլարի:

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ աղետի տարածքում ճառագայթման մակարդակի բարձրացում չեն հայտնաբերել:

Հիմնական հարցը, որ այսօր տալիս են ռուսաստանցիները համացանցում, թե ինչո՞ւ է կործանվել նավը, ի՞նչ առաքելություն ուներ, ինչո՞ւ իշխանությունները կատարվածի մասին չեն հայտնել հուլիսի 1-ին։

Ռուսաստանցիները «Լոշարիկ»-ի կործանումը համեմատում են «Կուրսկ» սուզանավի կործանման հետ։

«Իշխանությունների առաջին արձագանքն է՝ ինչպես միշտ փորձել փրկել սեփական հեղինակությունը, պետության հեղինակությունը և հետո միայն նրանք փորձում են փրկել մարդկանց, եթե ստացվի։ Իհարկե հասկանալի է, որ ցանկացած բանակ ունի նաև գաղտնի առաքելություն, նորմալ է, սակայն, նորմալ չէ, երբ գաղտնի է լինում մարդկանց մահը։ Եթե բաց չխոսեն զոհվածների և նրանց մահվան մեջ մեղավորների մասին, աղետը կարող է կրկնվել, և կրկնվում է», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է հայտնի մեկնաբան Օլեգ Օրեխը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG