Մատչելիության հղումներ

«Բակո Սահակյանի իշխանությունն ուժայիններին օգտագործել է որպես մահակ իր քաղաքական հակառակորդների դեմ». Խանումյան


Ղարաբաղյան գործող իշխանությունը կոռուպցիոն հստակ աշխատող մեխանիզմ, սխեմաներ ստեղծած իշխանություն է, որը չի հանդուրժում վերահսկողությունը, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։

Նրա պնդմամբ՝ Արցախ ղեկավար Բակո Սահակյանի իշխանությունը Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, ուժային այլ կառույցներին օգտագործել է որպես մահակ իր քաղաքական հակառակորդների դեմ։

«Քաղաքականությունը ներսից» հաղորդումից մի փոքր հատված ներկայացնում ենք ստորև.

Խանումյան. - Էդ իշխանությունը, կենտրոնացված իշխանություն ստեղծած, թե՛ իշխանությունը, թե՛ ֆինանսական միջոցները կենտրոնացրած, կոռուպցիոն հստակ աշխատող մեխանիզմ, սխեմաներ ստեղծած իշխանություն է, որը չի հանդուրժում որևէ վերահսկողություն, որը չի հանդուրժում որևէ քննադատություն հրապարակային, որն անընդհատ օգտագործել է Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, ուժային այլ կառույցներին որպես մահակ՝ իր քաղաքական, գաղափարական հակառակորդների դեմ, էդ թվում՝ էդ մարմիններին օգտագործել է ոչ միայն պաշտոնապես, այլ նաև որպես բանդիտական խմբավորումներ։

«Ազատություն». - Դուք հայտարարում եք, որ Բակո Սահակյանի իշխանությունը Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունն օգտագործել է որպես բանդիտական խմբավորումնե՞ր։

Խանումյան. - Այո՛, որոշ դրվագներում՝ այո՛, օգտագործելով որպես բանդիտական խմբավորումներ, օգտագործելով էս մարդկանց՝ ծառայողներին ապօրինի գործողությունների մեջ։ Դրա ամենաաղմուկ հանած վկայությունը բերձորյան դեպքերն էին «Հիմնադիր» խորհրդարան»-ի ավտոերթի ժամանակ՝ 2015 թվականի հունվարի 31-ին, սակայն բազմաթիվ այլ դետալներում դա նույնպես դրսևորվել է։

«Ազատություն». - Իսկ Ձեր ծեծի միջադե՞պը...

Խանումյան. - Այնտեղ էլ ինչ-որ կիսաֆորմալ կազմավորում կար, որն ամբողջովին ներգրավված էր դրա մեջ։

«Ազատություն». - Նույնպես կապո՞ւմ եք իշխանությունների հետ։

Խանումյան. - Վստահաբար ես հայտարարել եմ, որ դրա կազմակերպիչն ու իրականացնողը Բակո Սահակյանն էր, ես դրանում որևէ կասկած չունեմ, առանց նրա համաձայնության և թույլտվության էդպիսի դեպքեր տեղի չեն ունենում։ Այն հանգամանքը, որ Արցախի իշխանություններն ուղղորդված քարոզչություն են իրականացրել Փաշինյանի դեմ և Փաշինյանի իշխանության դեմ, որևէ կասկած չի հարուցում։

«Ազատություն». - Հիմա էլ է նո՞ւյն վիճակը։

Խանումյան. - Հիմա կարծես թե մեղմացել է, բայց գիտեք ինչ, Հայաստանի էս իշխանությունները, կարծում եմ, էն եզակի իշխանություններից են, որ հստակ, բացահայտ աշխատել են իշխանության տարբեր թևերի հետ, օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանը, էդ թվում՝ պաշտպանական շրջանների ղեկավարները, այսինքն՝ զորամասերի հրամանատարների հետ արցախյան հարցի ճակատագրից, խնդիրներից, բանակցություններից խոսել է, անվտանգության խորհրդի քարտուղարը գալիս էր և անվտանգության խորհրդի նիստերի վերաբերյալ, օրինակ, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին էր տեղեկացնում իրենց անելիքների մասին և այլն, և ուղղակի զարմանալի է, թե որտեղի՞ց են գտնում էն ինֆորմացիան, որ իբրև այս իշխանությունը պարտվողական է, հակառակը՝ էս իշխանությունն ամբողջովին զբաղված է սպառազինություններ արդիականացնելով, զբաղված է վերաբնակեցման հարցեր քննարկելով և նման այլ կարևոր թեմաներով, որոնք տարիներ շարունակ կարոտ է եղել Արցախը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG