Մատչելիության հղումներ

Խորհրդարանի սկանդալն ազդել է վրացական սառեցված հակամարտությունների շուրջ բանակցությունների վրա


Ժնևում այսօր շարունակվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի սառեցված հակամարտություններին նվիրված բազմակողմ բանակցությունների հերթական՝ 48-րդ փուլը:

Բանակցություններին մասնակցում են ինքնահռչակ երկու հանրապետությունների, Վրաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և ԵՄ պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային կառույցների` ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Բանակցությունների առաջին փուլում կողմերը հիմնականում կենտրոնացել են նախկինում ձեռքբ բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ:

«Գլխավոր թեման, իհարկե, դեռ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Մեդվեդևի ու Սարկոզիի օրոք կնքված վեց կետանոց համաձայնագրի կատարման դիտարկումն է: Բացի այդ անդրադարձել ենք մարդասիրական թեմաներին: Նշեմ, որ բանակցությունների այս փուլը բարդանում է վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառով», - Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

Ժնևյան բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարող փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ևս նշելէ, որ վերջին զարգացումները ազդել են Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերություններում առկա ողջ մթնոլորտի վրա:

«Ցավալի է, որ սաակաշվիլիական ոճի արմատականներին հաջողվեց հունիսի 20-ի և 21-ի բողոքի ակցիաներին հակառուսական երանգ հաղորդել: Որպես հետևանք՝ հարվածի տակ հայտնվեցին այն բոլոր դրական արդյունքները, որ մեր հարաբերություններում ձեռք էին բերվել 2012 թվականից ի վեր», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը` պնդելով նաև, թե Թբիլիսիում ծավալված բողոքի գործողությունների պատճառով երկկողմ հարաբերությունների կարգավորմանը միտված լուրջ մի քայլ է չեղարկվել․ խոսքը վիզային ազատականացման մասին է: - «Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի վիզաները վերացնելու հարցը իրոք քննարկվում էր և մենք սկզբունքորեն կողմ էինք դրան: Բայց դե չստացվեց, հարկավոր է սպասել ավելի բարվոք մի ժամանակաշրջանի», - ասել է Կարասինը:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններից հետո Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության արգելափակման մասին Վլադիմիր Պուտինի որոշումը լիովին արդարացված էր:

«Դա բացարձակ համարժեք արձագանք էր: Ճիշտ է, այն կոշտ էր, բայց այլ կերպ չէր էլ կարող լինել: Չէ որ խոսքը հարյուր հազարավոր ռուսաստանցի զբոսաշրջիկների մասին է: Մենք չենք կարող նրանց ենթարկել տարատեսակ խուլիգանական դրսևորումների վտանգին, առավել ևս, որ այդ թշնամանքը հրահրվում է որոշ քաղաքական ուժերի կողմից», - ասել է Կարասինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG