Մատչելիության հղումներ

Հրապարակվել են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական որոշումների հիմքերը


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյան

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։

Ըստ այդմ, դատավոր Արմեն Դանիելյանը, որոշելով կալանավորել երկրորդ նախագահ Քոչարյանին, եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։ Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, գործի վարույթը կասեցնելու մասին, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։

Գլխավոր դատախազությունը, հիշեցնեմ, ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել դատավոր Գրիգորյանին։

Երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե վերաքննիչ ատյանի եզահանգումները իրավաչափ չեն թե՛ խափանման միջոցի, և թե՛ գործի վարույթը կասեցնելու որոշումը բեկանելու մասով։ Չի բացառվում, որ իրենք դատավոր Արմեն Դանիելյանի հարցով դիմեն Բարձրագուն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։

Խուդոյանը հավելեց․ - «Հիմնավոր կասկածը միակ անհրաժեշտ պայմանը չէ անձին կալանավորելու համար: Բազմաթիվ հիմքեր և պայմաններ կան դրա համար: Եվ պայմաններից մեկն այն է, որ անձին կարելի է կալանավորել, եթե իրեն առաջադրված մեղադրանքը համապատասխան քրեաիրավական որակմամբ է ներկայացված: Դատարանը դա էլ պետք է գնահատի: Քրեական օրենսգրքի էն նորմը, որը վիճարկվում է Սահմանադրական դատարանում, արդեն իսկ հնարավորություն չի տալիս պնդելու, որ առկա է համապատասխան քրեաիրավական որակմամբ մեղադրանք, որովհետև հնարավոր է, ոը ընդհանրապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո այս գործը ենթակա լինի կարճման: Այսինքն նշվի, որ էդ նորմը հակասահմանադրական է»:

Նա նշեց, որ Վերաքննիչի քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի այս երկու որոշումներում միակ ճիշտ գործողությունը գործը դատավոր Դավիթ Գրիգորյանին հետ ուղարկելն էր․ - «Մենք սպասում էին, որ պարոն Դանիելյանը նաև այդպիսի որոշում կարող է կայացնել, որ գործը չգնա պարոն Գրիգորյանին, չնայած դա էլ կլիներ կոպտագույն խախտում: Գոնե էս դեպքում մի քիչ տրամաբանության սահմաններում ենք մնացել: Երբ որ բողոքարկված է վերաքննիչ դատարան գործը ըստ էության չլուծող ակտ, դա չի կարող նշանակել, որ այդ ակտի բեկանումը ենթադրելու է, որ առաջին ատյանում դատավորը պետք է փոխվի, որովհետև դա խիստ կվտանգի մեր դատական իշխանության անկախությունը»:

Հիմնավորելով Քոչարյանին կալանավորելու իր որոշումը՝ Վերաքննիչ դատարանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը մեղադրյալի քննությունից թաքնվելու հավանականության մասին:

Քոչարյանի պաշտպանը, սակայն, համաձայն չէ այս գնահատականների հետ։ Պաշտպանական կողմը երեկ վերջապես ստացել է Վերաքննիչի որոշումները և այժմ աշխատում է վճռաբեկ բողոքների վրա․ - «Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված կալանավորման հիմքերին, կալանավորման հիմքերը իբրև թե հաստատող փաստարկներին, դրանք իրենցով իրականում շատ անկարևոր են և հակառակ մեկնաբանությունն են ստանում: Եթե հիմքում դրվում է էն, որ անձը կարող է հանրապետության սահմանները լքել, չգիտեմ, տարվա մեջ տասը անգամ, ապա շատ անձինք շատ ավելի հաճախ են լքում հանրապետության սահմանները, և դա չի կարող դիտարկվել որպես թաքնվելու փորձ: Ի վերջո նկատի ունենանք, որ քրեական գործի շրջանակներում նույն, օրինակ, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմաններում հնարավոր է անձի սահմանահատումները արգելել»:

Արմեն Դանիելյանը նաև պնդում է, որ առկա են տվյալներ, որ Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում նաև` անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն էին անձամբ երաշխավորել, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ՝ վճարելով ընդհանուր առմամբ 1 միլիոն դրամ։

Երկրորդ որոշմամբ դատավոր Արմեն Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել և որ դատական նիստ չի հրավիրվել:

Հիշեցնեմ, այս մասին շարունակաբար հայտարարում էին տուժող կողմի ներկայացուցիչները՝ տարակուսելով, թե ինչպես կարող էր դատավոր Դավիթ Գրիգորյանն առանց դատական նիստի և առանց հարցը քննարկելու կասեցնել քրեական գործի վարույթը։

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգում է, որ քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կայացվել է ՍԴ դիմելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների բացակայությամբ և որ այդպիսով դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի էական խախտում, ինչն էլ կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

«Առանց դատական քննության փուլ թևակոխելու և ծագած հարցերին առնչվող փաստերը հետազոտելու, հնարավոր չէր հանգել հիմնավոր հետևության, որ կա կասկած սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մասով, և որ պետք է կասեցնել գործը այդ հիմքով», - գրում է Վերաքննիչ դատարանը։

Սա իր հերթին չի բացառում այս գործով դատական քննության փուլ թևակոխելու և ծագած հարցերը քննարկելուց հետո վիճարկվող խնդիրներին անդրադառնալու հնարավորությունը։

Եզրահանգելով՝ Արմեն Դանիելյանը նշում է, որ այս ամենը հիմք է առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար՝ շեշտելով, որ այն պետք է վերսկսվի ընդհատման պահից։

Դատավոր Արմեն Դանիելյանն անդրադարձել է նաև մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների բողոքին, որ խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ դատավորն իրենց թույլ չի տվել դիրքորոշում հայտնել վերաքննիչ բողոքների վերաբերյալ։ Ըստ Վերաքննիչ դատարանի, Արմեն Դանիելյանը հնարավորություն է տվել Քոչարյանի փաստաբաններին ելույթներ ունենալ, սակայն, օրինակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիրքորոշում հայտնելու փոխարեն ցանկացել է միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: «Մինչդեռ այն որպես այդպիսին ի սկզբանե չէր կարող դիտարկվել իրավաչափ», - եզրահանգում է Քոչարյանին կալանավորած դատավոր Արմեն Դանիելյանը։ - «Պաշտպանության կողմից նման միջնորդություն ներկայացնելն ուղղված էր գործի հնարավոր անհարկի ձգձգելուն, ինչը ևս վկայում է պաշտպանության կողմից իր իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, իր դատավարական իրավունքներն ըստ էության չարաշահելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG