Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևն ավարտել է զինվորական ծառայությունը և վերադառնում է տուն։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։
Դրանում, մասնավորապես, ասվում է, որ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու հանդիսավոր արարողությունը կայացել է նախօրեին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։ Արարողությանը ներկա է եղել նաև Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:
Ըստ ադրբեջանական աղբյուրների, բարձրագույն կրթություն ստացածների համար Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայությունը տևում է մեկ տարի:
21-ամյա Հեյդար Ալիևի բանակ զորակոչվելու մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտնեցին ընդամենը 9 ամիս առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 16-ն՝ ներկայացնելով նախագահի որդու լուսանկարները զինվորական երդում տալիս, տողանին մասնակցելիս, զինակիցների հետ շփվելիս, ծնողների հետ գրկախառնվելիս:
Միակ որդու զինվորական երդմնակալությանն անձամբ ներկա է եղել նաև նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի որդին ծառայություն է անցել ոչ թե ազգային բանակի զինված ուժերում, այլ Պետական անվտանգության ծառայության զորքերում: Այս գերատեսչությունը ստեղծվել է 2015 թվականին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բազայի վրա:
Իլհամ Ալիևի որդին, ում կոչել են պապի՝ Ադրբեջանի նախկին նախագահ, ազգի հայր և հերոս Հեյդար Ալիևի պատվին, 2013 թվականին ընդունվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
Ի տարբերություն քույրերի՝ Արզուի և Լեյլայի, Հեյդարն աչքի չի ընկել իր ակտիվությամբ, առավել ևս՝ հասարակական գործունեությամբ: Սակայն, Ալիևի որդին ամենևին էլ անհայտ անձ չէ անգամ երկրի սահմաններից դուրս և հատկապես միջազգային մամուլում. նա ընդամենը տասնմեկ տարեկան էր, երբ միջազգային հետաքննող լրագրողները պարզեցին, որ Դուբայի ամենաշքեղ ափամերձ գոտիներից մեկում` Ջումերիայում դարձել է թանկարժեք 9 ամառանոցների սեփականատեր:
Հետագայում Հեյդար Ալիև կրտսերի անվան հետ կապվող ունեցվածքի մասին տեղեկատվությունն ավելի լայն աշխարհագրություն ընդգրկեց, դրանց արժեքները տասնյակ միլիոններից հասան հարյուրավոր միլիոնների: Ալիևի վարչակազմը, սակայն, այդ հրապարակումներին երբեք որևէ կերպ չի արձագանքել և հրաժարվել է մեկնաբանել, թե որտեղից նախագահի դպրոցական, ապա ուսանող որդուն միլիոնավոր դոլարների հասնող գույք: