Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ իր երկիրը երբեք տեղի չի տա ամերիկացիների ճնշումներին, սակայն, եթե Վաշինգտոնը հարգանք դրսևորի Թեհրանի հանդեպ, Իրանը պատրաստ կլինի բանակցել:
«Իրանի իսլամական հանրապետությունն անցյալ տարի և նախորդ տարիներին մշտապես վկայել է, որ չի ընդունում ճնշումներ, սակայն հարգանք դրսևորողի նկատմամբ հարգանքով է վերաբերվում», - ասել է Զարիֆը:
Երկու երկրների հարաբերություններն էլ ավելի են սրվել այս տարվա մայիսից, երբ Միացյալ Նահանգները բոլոր պետություններից պահանջել է դադարեցնել իրանական նավթի գնումը:
Իրանի և միջազգային գերտերությունների կնքած միջուկային պայմանագրի ճակատագիրն անորոշ է, քանի որ Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին հայտարարել է, որ այլևս չի ճանաչում այդ փաստաթուղթը: Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը պայմանագրի կատարման աջակիցներ են:
Միացյալ Նահանգները ոչ միայն դուրս է եկել պայմանագրից, այլև վերականգնել և խստացրել է տնտեսական պատժամիջոցները, ինչը ֆինանսական և սոցիալական լուրջ ճգնաժամ է առաջացրել Իրանում:
Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ ի պատասխան ամերիկացիների գործողությունների, աստիճանաբար կվերականգնի միջուկային հետազոտությունները և ուրանի հարստացումը: Եվ ահա երեկ ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանում հարստացված ուրանի քանակը գերազանցել է 2015 թվականի պայմանագրով հաստատված վերին շեմը՝ 300 կիլոգրամը: ՄԱԿ-ի ենթակայության տակ գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ զեկույց կհրապարակի Թեհրանից ստացված այդ տեղեկությունը ստուգելուց հետո:
Միացյալ Նահանգների համոզմամբ, 2015 թվականի պայմանագիրը Թեհրանին ընձեռում է ժամանակ շահելու և ատոմային ռումբ ստեղծելու հնարավորություն: Բացի այդ, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանը սատարում է ահաբեկչական կազմակերպություններին և ապակայունացնում է իրավիճակն աշխարհում ու, մասնավորապես, Մերձավոր Արևելքում:
Իրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում և հերքում է ահաբեկիչներին սատարելու մասին պնդումները: