Մատչելիության հղումներ

Բելառուսում ավարտվում են եվրոպական խաղերը


Բելառուսում ավարտվում են եվրոպական խաղերը՝ խորհրդավոր առաջնություն, որի մասին մարզական աշխարհում քչերը գիտեն:

Միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ռուսաստանի ղեկավարը, ինչպես նաև մի շարք այլ առաջնորդներ, բայց ոչ եվրոպական երկրներից:

Թեև պաշտոնական Մինսկը ակնկալում էր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսելով և իր հարկի տակ հյուրընկալելով Եվրոպական խաղերը կբարելավի իր վարկանիշը աշխարհում, միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով բելառուսական ֆոլկլորի ու հյուրասիրության վրա, միջազգային մամուլը սակայն այդպես էլ չանդրադարձավ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի համար այդ կարևոր միջոցառմանը: Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները հիմնականում անտեսեցին Մինսկում անցկացվող այդ թանկարժեք իրադարձությունը:

Փոխարենը իրավապաշտպան կազմակերպությունները Եվրոպական խաղերի լույսի ներքո հիշեցնում են Բելառուսում առկա խնդիրների մասին՝ Եվրոպայի վերջին բռնապետությունում ընդունված հակաժողովրդական ավանդույթների՝ քննադատող ձայները խլացնելուց մինչև մահապատժի կիրառում:

Եվրոպական խաղերի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ առաջ էր, երբ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնեց բելառուսական բանտում պահվող հերթական դատապարտյալի մահապատժի մասին: Կազմակերպությունը, որը տասը տարի է հետևում է եվրոպական մայրցամաքում վաղուց չեղարկված այդ պատժաձևի՝ Բելառուսում կիրառելու պրակտիկային, հայտնում է, որ տարեկան 4-6 մարդ դատարանի կողմից նման ճակատագրի է արժանանում:

Եվրոպական խաղերի միջոցով աշխարհին զարմացնելու նպատակով Բելառուսի անփոփոխ նախագահը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել՝ նոր ենթակառուցվածքների, մարզական դահլիճների և այլ կազմակերպչական աշխատանքների համար՝ պարբերաբար հայտարարելով, որ երկրի դռները բաց են եկվորների համար: Պաշտոնական Մինսկը ընդհուպ վիզային արտոնություններ է սահմանել մի շարք երկրների քաղաքացիների համար՝ անարգել Բելառուս այցելելու համար:

Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ այդուհանդերձ շտապել են զգոնության ազդակ հղել Բելառուս այցելողներին և զգուշացրել մի շարք կարևոր կանոնների մասին՝ այդ երկրի իշխանությունների հետ հնարավոր կոնֆլիկտից խուսափելու համար: BBC-ն, օրինակ հորդորել է խուսափել «Ժըվե Բելառուս» (Ողջույն Բելառուս) անմեղ բառակապակցության արտաբերումից՝ հատկապես միլիցիոներների, ադմինիստրատորների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: «Ժըվե Բելառուսը» երկրի ընդդիմության գլխավոր կարգախոսներից է, որը հաճախ կարելի է լսել փողոցային ակցիաների ժամանակ:

Այդ կարգախոսը հնչեցնող ակտիվիստները բազմիցս են բերման ենթարկվել և վարչական տուգանքի ենթարկվել «հակակառավարական կոչեր հնչեցնելու» համար:

Եվրոպական խաղերի գաղափարի հեղինակը հիշեցնենք՝ Փաթրիկ Հիքին է՝ եվրոպական օլիմպիական խաղերի նախկին ղեկավարը, ով Ռիո Դե Ժանեյրայում Օլիմպիադայի ժամանակ ձերբակալվել է տոմսերի ապօրինի վաճառքի համար, այնուհետև մեղադրվել փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Այս օրերին նա Մինսկում պատվավոր հյուրերի շարքում է: Եվրոպական խաղերը առաջին անգամ՝ 2015 թվականին, անցկացվել են Բաքվում՝ սկանդալների, բռնաճնշումների ուղեկցությամբ: Հենց խաղերին զուգահեռ, ինչպես գրում էին տեղական լրատվամիջոցները, Ալիևի վարչակազմը ձերբակալում էր ընդդիմախոսներին, թույլ չէր տալիս անգամ հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր՝ խաղերը լուսաբանելու համար։

Բաքուն կոշտ քննադատության թիրախում էր հայտնվել նաև այդ խաղերին հայազգի մարզիկների մասնակցության հետ կապված խոչընդոտներ ստեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG