Մատչելիության հղումներ

Էրդողանը Կիոտոյում մասնակցել է Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը


Արա Գյուլեր, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցել է պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Իր խոսքում Էրդողանը նշել է, որ մեծ հպարտությամբ է բացում աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկի արվեստը ներկայացնող ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Ճապոնիայի արքայադուստր Ակիկոն:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Գյուլերի լուսանկարները աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելու նախագիծը մշակվել է Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի համագործակցության շնորհիվ: Ցուցահանդեսը ապրիլ ամսին բացվել է Լոնդոնում, մայիսին էլ՝ Փարիզում:

Այժմ էլ Գյուլերի լուսանկարները Ճապոնիայում են: Ավելի քան 60 լուսանկար ընդգրկող ցուցահանդեսը Կիոտո քաղաքի 800 տարվա պատմություն ունեցող Թոֆուքու-ջի տաճարում այցելուների համար բաց կլինի մինչև հուլիսի 10-ը: Ցուցահանդեսի մասին պատմող գիրքը, որի նախաբանը Թուրքիայի նախագահ Էրդողանի գրչին է պատկանում, նվիրել են օրերս Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարներին:

Ճապոնիայից հետո ցուցահանդեսի հաջորդ կանգառը ԱՄՆ է: Սեպտեմբեր ամսին Արա Գյուլերի լուսանկարները կներկայացվեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթաժողովի անցկացման օրերին: 2020 թվականի հունվարին էլ ցուցահանդեսը կբացվի Հռոմում, ապա Մոգադիշոյում:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած «Ստամբուլի աչք» մականունով հայտնի տաղանդաշատ լուսանկարիչ Արա Գյուլերը վախճանվել էր անցած տարվա հոկտեմբերի 17-ին Շիշլիի հիվանդանոցներից մեկում: Գյուլերի հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Երրորդության հայկական եկեղեցում, իսկ աճյունը ամփոփվել Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG