Մատչելիության հղումներ

Նախատեսվում է վերականգնել և թվայնացնել 1923 թվականից ի վեր ստեղծված հայկական բոլոր ֆիլմերը


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան, արխիվ

Դեռ անցյալ տարվանից Հայաստանի ազգային կինոկենտրոնը համագործակցելով անգլիացի պրոդյուսեր Դանիել Բըրդի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ ձեռնամուխ է եղել հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման մի ծրագրի, որով նախատեսվում է անգլիական «Դասական կինո» հիմնադրամի շնորհիվ վերականգնել և թվայնացնել 1923 թվականից ի վեր ստեղծված հայկական բոլոր ֆիլմերը:

Ի դեպ, անցյալ տարի լրացավ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադրման 95-ամյա հոբելյանը և անգլիական «Դասական կինո» հիմնադրամի ներկայացուցիչ, պրոդյուսեր Դանիել Բըրդի առաջարկով էլ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման այս ծրագիրը կրում է Համո Բեկնազարյանի անունը:

Ինչպես շեշտում է Ազգայի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը. «Պետական բյուջեից գումար չի ծախսվել, այսինքն այս բոլորը արվել է դրսի ֆոնդերի և դրսի գումարների հաշվին։ Քանի որ դրանք բավականին թանկ հաճույք են, և մեր պետությունը ի վիճակի չի նման գումարներ տրամադրելու»։

Այս ծրագրի շրջանակներում առաջինը Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը վերականգնվեց և թվայնացվեց, որից հետո Ազգային կինոկենտրոնի կողմից այն մեծ հաջողությամբ ներկայացվեց բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոների, նաև Ռոտերդամի կինոփառատոնին՝ «Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում։

Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով՝ հայկական ֆիլմերի վերականգնման ծրագիրը միաժամանակ մի քանի փուլերով է ընթանում՝ վերականգնում, թվայնացում, միջազգային հանրահռչակում և այլն: Մասնավորապես, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած հատվածները ևս վերականգնվում են, թվայնացվում և հանրահռչակվում: Ֆիլմից դուրս մնացած հատվածներն, ընդհանուր առմամբ, կազմում են 103 տուփ ժապավեն, որից արդեն իսկ թվայնացվել է 27 տուփը, 33 տուփն էլ ուղարկված է Լեհաստան, որտեղ էլ դրանք ևս կթվայնացվեն «Ֆիքսաֆիլմ» ընկերության կողմից: Պրոցեսը շարունակական է լինելու, արդեն իսկ թվայնացված հատվածներն էլ այս տարեսկզբին՝ հունվար ամսին, ներկայացվեցին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Այս ծրագիրն էլ այս տարվա ընթացքում կներկայացվի Իտալիայի, Միացյալ նահանգների, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և այլ երկրների մի շարք քաղաքներում: Այս ծրագրից անմասն չենք մնա նաև մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Մենք հնարավորություն կունենանք դիտել Սերգեյ Փարաջանովի «Եռանկար» կոչվող այս ծրագիրը շատ շուտով՝ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց. «Մենք ընտրել են «Ոսկե ծիրանի» օրերը, քանի որ ունենալու ենք բազմաթիվ հյուրեր, և մենք հիմա աշխատանքները տանում ենք, որ Հայաստանում, Երևանում նույն ցուցադրությունը, ինչ եղել է Ռոտերդամում անելու ենք այստեղ»։

«Ոսկե Ծիրանի» օրերին այս ցուցադրությունը տեղի կունենա «Այրարատ» կինոթատրոնի նախասրահում։

«Սա լինելու է շատերի համար բացահայտում, որովհետև էդ նախասրահը կարծում եմ՝ շատերը չեն տեսել», - ընդգծեց Միրզախանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG