Մատչելիության հղումներ

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը. արձագանքներ


Վահե Գրիգորյան, արխիվ
Վահե Գրիգորյան, արխիվ

Կառավարությանը, Ազգային ժողովին և Դատավորների ընդհանուր ժողովին ուղղված Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությունն «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն իրավական տեսանկյունից հիմնավորված է համարում։ Ինքը ևս համակարծիք է՝ ՍԴ-ն ճգնաժամային իրավիճակում է և դրանից դուրս գալու որպես ելք Գրիգորյանի առաջարկած 3 տարբերակներից երկրորդն է առավել ընդունելի համարում։

«Ըստ էության, նա երկրոդ տարբերակի կողմանկիցն է, որովհետև և՛ անդրադռնում է այն հարցին, որ հանրային ընկալման Սահմանադրական դատարանը կուսակցականացված դատարանի համբավ ունի, և՛ էդ ամբողջ խնդիրն է վերլուծում», - նշեց Լուսինե Հակոբյանը։

Ըստ Գրիգորյանի ներկայացրած երկրոդ տարբերակի, համապատասխան մարմինները պետք է Ազգային ժողովին առաջարկեն Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների թեկնածուներ։ Իրավիճակից դուրս գալու Գրիգորյանի առաջ քաշած մյուս տարբերակով դատարանի անդամների և դատավորների, ինչպես նաև նախագահի և կառավարության որոշմամբ՝ պետք է Սահմանադրական դատարանի ներկա իրավիճակը հաստատված մնա։

Երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկում է Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին, առաջարկում, որպեսզի նրանց հրաժարականի դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործարկվի։ Իրավաբան Արսեն Բաբայանը անընդունելի է համարում Գրիգորյանի առաջարկած տարբերակները։ Համոզված է՝ հատկապես դատարանի անդամների հրաժարականը շատ վատ իրավիճակի կհանգեցնի։

«Ընդհանրապես, եթե այս դեմագոգիան հաղթի, մենք կունենանք շատ վատ իրավիճակ, որովհետև հնարավորություն կստեղծենք՝ հետագայում եկող բոլոր իշխանություններին նորից փոխել դատական իշխանությունը», - ասաց Բաբայանը։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված որևէ ճգնաժամ չկա, իրավիճակի նման բնութագրումն արհեստածին է։ Հայտարարում են ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ընդդիմախոսները։ Արդարադատության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությունը համարում է իրավաբանության հետ աղերս չունեցող շարադրանք։

«Այս տեքստում տրամաբանությունն է իսպառ բացակայում, ես չեմ ասում այս տեքստը մինչև վերջ ընթերցելու համար պետք է ունենալ շատ մեծ թե՛ համբերություն, թե՛ տոլերանտություն անհեթեթ մտքեր կարդալու նկատմամբ», - ընդգծեց Դավիթ Հարությունյանը։

Փաստաբան Կարապետ Բադալյանը չի կիսում ընդդիմախոսների արտահայտած տեսակետներն ու դրանք հիմնազուրկ է համարում։

«Այս նամակը ոչ միայն այդ փաստերի մանրամասն շարադրանքն է, այլև դրա հիմքում ընկած իրավունքի նորմերի շարադրանքն է, դրանց տրամաբանության և մեկնաբանության կանոններին համապատասխան օրենքի մեկնաբանությունն է», - ասաց Բադալյանը։

Գրիգորյանի մեկնաբանմամբ՝ Սահմանադրական դատարանում ընդամենը 2 դատավոր կա՝ մեկն ինքն է, մյուսը Արման Դիլանյանը, իսկ մյուսները՝ անդամներն են։ Նամակում նաև այդ հիմնավորումն է տալիս։ Փաստաբան Կարապետ Բադալյանը հիմնավոր է համարում Գրիգորյանի մեկնաբանությունը, իսկ Գրիգորյանի ընդդիմախոսների տեսակետը՝ հիմնազուրկ համարում։

«Ինչո՞ւ Սահմանադրական դատարանի անդամները դադարել են իրենց փաստաթղթերը ստորագրել և ներկայանալ որպես անդամներ, այլ ներկայանում են որպես դատավորներ, եթե դա նույնն է, եթե իրավաբանական տարբերություն չկա, ինչո՞ւ են որոշումների մեջ գրում դատավոր Գյուլումյան, դատավոր Խաչատրյան, դատավոր Թոխյան ինչի՞։ Եթե նույնն է, եկեք ազնիվ եղեք՝ գրեք։ Ի՞նչ է ամաչում եք, որ Սահմանադրական դատարանի անդամ եք», - նշեց փաստաբանը։

Մինչդեռ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մեկնաբանմամբ՝ ՍԴ դատավոր և անդամ տերմինները նույնական են։

«Եթե մենք հետևենք Վահե Գրիգորյանի եզարկացությանը, ապա մենք պետք է հանգենք հենց նմանատիպ շատ աբսուրդ եզրահանգման, որ կան կառավարության անդամներ և կա օրինակի համար նախարար, որ կառավարության անդամ չէ, որովհետև Սահմանադրության մեջ որևէ տեղ նման բան գրված չէ, որ նախարարը կառավարության անդամ է», - ասաց Հարությունյանը։

Վահե Գրիգորյանը բարձր դատարանի ճգնաժամի մասին բարձրաձայնեց հունիսի 20-ին՝ Ազգային ժողովում երդվելիս: Հիմնավորեց, թե ինքը ՍԴ-ում երկրորդ ընտրված դատավորն է, մյուսներն, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, անդամի կարգավիճակում են: 2018-ին փոխված Սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները, առնվազն հինգ դատավորի քվեով, մինչդեռ ՍԴ կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, իսկ անդամները նման լիազորություն չունեն։

Երեկ, Սահմանադրական դատարանի անդամները հայտարարություն էին տարածել։ Նրանք դատարանի վերաբերյալ արտահայտված կարծիքների գերակշռող մեծամասնությունը որակում են որպես քաղաքական և չեն արձագանքում դրանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG