Մատչելիության հղումներ

Մեկ տարի հետո Սերժ Սարգսյանի կերպարը նորից դրական կերպով վերադառնալու է․ Արտակ Զաքարյան


«Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է:

«Ազատություն»․ - Ի վերջո Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հանրապետական կուսակցությունը երկիրը բերեց հեղափոխության, կամ այնպիսի իշխանափոխության, որ ժողովրդի մեծ մասը պահանջում էր այդ իշխանափոխությունը: Հանրապետական կուսակցությունում մտադի՞ր են փոխել առաջնորդին, կամ մտադի՞ր են հարցնել, որպեսզի Սերժ Սարգսյանը ներկայացնի, թե ինչու հայտարարեց՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ:

Զաքարյան․ - Լիդերության խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ամենաբարդ և ամենապահանջված խնդիրն է: Ես Ձեզ մի բան վստահաբար կարող եմ ասել․ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանի կերպարը, որպես քաղաքական գործիչ, հասարակության արդեն շատ շերտերի մոտ աստիճանաբար նորից դրական կերպով վերադառնալու է: Որովհետև մեր հասարակությունը խարիզմատիկ լիդերի անհրաժեշտություն ունի, իսկ Սերժ Սարգսյանը իր ամբողջ կենսագրությամբ լիարժեք համապատասխանում է էդ խարիզմատիկությանը:

«Ազատություն»․ - Իսկ հանրությունը կընդունի՞ Սերժ Սարգսյանին:

Զաքարյան․ - Դա ընտրությունները ցույց կտան: Ընդհանրապես մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու մինչև էդ գնահատականները ստանալը: Իսկ ինչ վերաբերում է, թե հատկապես ինչ պատճառներով մեր երկիրը գնաց իշխանափոխության, և արդյոք դա մեկ կամ երկու մարդու սխալների կամ թերացումների հաշվին ա եղել, դա դեռ ժամանակի խնդիր է: Այս իրավիճակը, ես Ձեզ վստահ կարող եմ ասել, որ մի քանի տարի հետո Հանրապետական կուսակցությունը տալու է շատ մեծ շանսեր՝ ազատվելու բոլոր այն թերություններից, որոնց պատճառով նախկինում մենք կրում էինք նաև մեզ ուղղակի չվերաբերվող քննադատություն: Որովհետև իշխող քաղաքական ուժ էինք, իսկ իշխող քաղաքական ուժի խնդիրը կոնսոլիդացումն է: Կոնսոլիդացիայի արդյունքում ստեպված էին կոնսոլիդացնել նաև էն էլեմենտներին, որոնք որ քաղաքականության մեջ էդքան էլ չեն ողջունվում:

«Ազատություն»․ - Բայց այդ էլեմենտները ընտրությունների ժամանակ ձայն էին բերում ձեր կուսակցությանը:

Զաքարյան․ - Դա էլ խնդիր է: Էսօր էլ գործող իշխանությունների համար են ձայն բերել էդ էլեմենտները: Էդ էլեմենտներին ոչ ոք չի կարող զրկել ձայն բերելու կամ ձայն տալու իրավունքից: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե որքանով է հնարավոր կոնսոլիդացնել: Էսօր պառակտել հասարակությունը, էն էլ՝ մեր տարածաշրջանում ապրող հանրությանը, դա, կարծում եմ, որ շատ մեծ ռիսկեր է պետության համար:

«Ազատություն»․ - Կուսակցության ներսում քննարկվել է նման հարց, որ կարելի է միանալ Ռոբերտ Քոչարյանի հետ և դաշինք կազմել ընդդեմ այս իշխանությունների:

Զաքարյան․ - Այդպիսի դեռևս հարց չկա ընդհանրապես քաղաքական համակարգի օրակարգում:

Հաղորդումն ամբողջության կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG