Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի ցանկացած երկրի նկատմամբ, որը իրանական նավթ կարտահանի


Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի ցանկացած երկրի նկատմամբ, որը իրանական նավթ կարտահանի, այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրայան Հուքը ընդգծելով, որ որևէ բացառություն այդ հարցում չի լինի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նոր՝ ավելի կոշտ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և այդ երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Սպիտակ տունն այդ քայլով պատասխանել է Թեհրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի խոցմանը:

Անցյալ տարվա նոյեմբերին, երբ Միացյալ Նահանգները հերթական անգամ պատժամիջոցներ էր սահմանել իրանական նավթի արտահանման հարցով, Թեհրանը սկսել էր շուկայականից ավելի ցածր գներով նավթաքիմիական ապրանքներ վաճառել այնպիսի երկրների, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, նշում է «Ռոյթերզ» գործակալությունը:

«Իրանը իսկապես կեղծ ընկերությունների միջոցով փորձել է շրջանցել պատժամիջոցները և հարստացնել ռեժիմն ու ֆինանսավորել արտասահմանյան արկածախնդրությունները», - հայտարարել է Հուքը և հավելել, որ Իրանը պարբերաբար խախտում է ծովային իրավունքը՝ թաքցնելով նավթի արտահանումները:

Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ տարվա մայիսին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ, նաև սպառնալով պատժել այն երկրներին, որոնք կշարունակեն Իրանի հետ տնտեսական կապեր ունենալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG