Մատչելիության հղումներ

Ճապոնիայում կայացել է Պուտին-Թրամփ հանդիպումը


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այսօր «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել:

Հանդիպումը չի եղել դեմ առ դեմ, դրան մասնակցել են նաև երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Երկու առաջնորդները մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի և Ուկրաինայի, ինչպես նաև սպառազինության վերահսկողությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, փոխանցում է Սպիտակ տունը:

Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը համակարծիք են այն հարցում, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը երկու երկրների, ինչպես նաև ամբողջ աշխարհի շահերից է բխում:

Հանդիպման առաջին րոպեներին լրագրողների ներկայությամբ նախագահ Թրամփը հայտնել է, թե պլանավորում է ռուսաստանցի պաշտոնակցի հետ քննարկել առևտրի և զինաթափման հարցեր:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե գերազանց արդյունք է ակնկալում այդ բանակցություններից:

Կրեմլի ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպումը լավ հնարավորություն է շարունակելու երկխոսությունը:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը պլանավորում է Պուտինի հետ քննարկել ամերիկյան ընտրություններին ռուսաստանյան միջամտությունը, Թրամփը դիմել է Պուտինին և ասել՝ «մի միջամտեք ընտրություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG