Մատչելիության հղումներ

Ճապոնիայում այսօր կկայանա Պուտին ֊ Թրամփ հանդիպումը


Ճապոնական Օսակա քաղաքում, որտեղ առավոտյան մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, հանդիպում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները։

Հանդիպումը, Միացյալ Նահանգների աշխատանքային ժամանակացույցի համաձայն, պետք է տևի մեկուկես ժամ։ Սպիտակ տունը երեկ հայտնել էր, թե երկու երկրների ղեկավարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը, սպառազինությունների կրճատումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Իրանում, Սիրիայում, Ուկրաինայում, հնարավոր է նաև՝ Վենեսուելայում։

Սա Պուտինի և Թրամփի չորորդ հանդիպումն է լինելու։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2017-ին՝ Համբուրգում նորից «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, հաջորդ հանդիպումը նույնպես միջազգային միջոցառման շրջանակում էր՝ Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Առանձին լիարժեք բանակցություններ երկու երկրների ղեկավարներն, ըստ էության, ունեցել են մեկ անգամ՝ 2018-ի ամռանը Հելսինկիում։

Անցած տարի նոյեմբերին Կրեմլն ակնկալում էր նոր բանակցություններ Սպիտակ տան հետ, սակայն ամերիկյան կողմը հրաժարվել էր բանակցություններից։

Ճապոնիա մեկնելուց առաջ Ռուսաստանի նախագահը հարցարզույց էր տվել Financial Times֊ին և իր ժառանգորդի մասին հարցին պատասխանելիս, մասնավորապես, ասել էր, թե ժառանգորդի մասին մտածում է 2000 թվականից։ Հիշեցնենք՝ Պուտինը Ռուսաստանի նախագահ է ընտրվել հենց 2000 թվականին։ Նա Ռուսաստանը ղեկավարում է շուրջ 19 տարի, եթե չհաշվենք չորս տարիները` 2008֊12թթ., երբ երկրի նախագահի պաշտոնում դե յուրե Պուտինի ժառանգորդ Դմիտրի Մեդվեդևն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG