Մատչելիության հղումներ

«Արմենիա» ավիաընկերությունը վերականգնել է Երևան - Մոսկվա - Երևան չվերթները


Հայաստանից Ռուսաստան փոխադրումներ իրականացնող միակ հայկական ավիաընկերությունը՝ «Արմենիա»-ն, ռուսական կողմից ստացել է Երևան - Մոսկվա - Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն:

Դիմել են նաև դեպի Սանկտ Պետերբուրգ չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար:

Մինչև հիմա ընկերության փոխադրումները դեպի Ռուսաստան՝ Մինվոդի ու Վորոնեժ ուղղություններով էին։ Ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն ասաց, որ հուլիսի 8-ից օրական երկու չվերթ կիրականացնեն, պահանջարկի դեպքում մինչև 4-ի կհասցնեն։ Չվերթների ժամերը մոտ կլինեն դեպի Վրաստան փոխադրումներ իրականացող միակ ընկերության՝ «Վրացական ավիաուղիների» Երևան - Թբիլիսի - Երևան չվերթների ժամերին:

2016-ի վերջերից դեպի Մոսկվա չվերթները դադարեցրած ընկերության ներկայացուցիչը չի թաքցնում, որ ռուս-վրացական վերջին լարվածությունն է եղել այդ ուղղությունը վերականգնելու պատճառը։ Կանխատեսել են ուղևորահոսքի ավելացում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ից արգելել է ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստան:

««Վրացական ավիաուղիները» արդեն վաղուց շահագործում են Երևան - Թբիլիսի երթուղին, օրական մեկ չվերթ: Պայմանավորված վերջին իրադարձություններով՝ իրենք իրենց հերթին ավելացնելու են Երևան - Թբիլիսի - Երևան չվերթների հաճախականությունը՝ հասցնելով օրական երկուսի», - նշեց Գևորգ Խաչատրյանը:

Տոմսերի վաճառքը վաղվանից կսկսվի, իսկ ահա գները դեռևս մոտավոր են․ - «Մոտավորապես 48 հազար դրամ մեկ ուղղությամբ արժեքը կլինի, 96 հազար դրամ՝ երկու կողմի արժեքը»:

Այս պահին ավիաընկերությունը Գյումրիից չվերթներ իրականացնելու ծրագրեր չունի, բայց թե՛ Կառավարության, թե՛ Քաղավիացիայի հետ քննարկումներ եղել են․ - «Դիտարկվում է Գյումրի - Բաթումի ավիաչվերթների բացումը: Մեզ հետ բանակցություններ վարվել են: Փորձում ենք հասկանալ հեռանկարը ու թե ինչ պայմաններ դրա համար մեզ կտրամադրեն, որպեսզի Գյումրին որպես երկրորդ օդանավակայան «Արմենիա» ավիաընկերությունը դիտարկի: Դա նշանակում է լրացուցիչ ծախսեր, դա նշանակում է, որ մեկ օդանավը անընդհատ պետք է գտնվի Գյումրիում»:

Գևորգ Խաչատրյանի խոսքով, պետք է արագ գործել, լինել ճկուն, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին այլընտրանք չդառնան․ - «Բաքուն ինքը թանկ օդանավակայան է: Ինքը պատրաստ ա այլ օդանավակայան առաջարկի՝ Գյանջայի օդանավակայանը, որը միգուցե փորձեն անվճար տրամադրեն, որպեսզի տուրիստական հոսքը էդտեղով անցնի: Հետևաբար մեր և վրացական ավիաընկերությունների առաջարկած պրոդուկտը իրոք մրցակցությունից դուրս ա զուտ էն պարագայում, որ Երևանից Թբիլիսի չվերթը տևում ա ընդամենը 25 րոպե, էստեղ ուղևորները մնալու են մոտավորապես 50 րոպե ու ուղևորվելու են Մոսկվա: Այսինքն մոտավորապես կազմելու ա 4 ժամ: Որևէ պրոդուկտ, որ էս տարածաշրջանում գործում ա, սկսվում ա մինիմումը 6 ժամից»:

Դեպի Հայաստան ռուսաստանյան 11 ավիաընկերություններ են չվերթներ իրականացնում, 10-ը՝ դեպի Երևան, մեկը («Պոբեդան»)՝ դեպի Գյումրի։

«Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ռուսաստանյան ընկերություններից դեպի Երևան, նաև Գյումրի չվերթներն ավելացնելու թույլտվություն ստանալու 4 նոր հայտ է ստացել՝ բոլորը հուլիսի 8-ից հետո ընկած ժամանակահատվածի համար», - «Ազատությանը» տեղեկացրեց կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը։

Ամառային սեզոնից բացի, կարծում է պաշտոնյան, վերջին լարվածությունը ևս դեր է ունեցել․ - «Գործընթացը սահուն կերպով կգնա, որևէ խոչընդոտ չի լինի ավիացիայի մասով»:

«Աշխարհի խոշոր ավիաընկերություններին Երևանը որպես առանձին ուղղություն հետաքրքիր չէ, տարածաշրջանն է հետաքրքիր», - ասում է Փայասլյանը ու անմիջապես էլ հավելում, որ կարելի է օգտագործել պահը:

Անցած տարի օդային ճանապարհով 2 միլիոն 800 հազար ուղևոր է եկել Հայաստան․ - «Էս պարագայում միակ շահող ընկերությունը կլինի մեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կամ Գյումրու օդանավակայանը, որոնք կստանան թռիչք-վայրէջքներից եկամուտներ: Բայց ընդհանուր Հայաստանի բյուջեի վրա կունենա ազդեցություն, երբ որ կունենանք տուրիստական հոսքեր, որովհետև նրանք կօգտվեն մեր տարբեր տիպի ծառայություններից, կհանգստանան Հայաստանում»:

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը վրացական պետական վիճակագրությունն այսօր վկայակոչեց՝ տարեկան 2,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելում Վրաստան:

Ի՞նչ է անում Հայաստանը, որպեսզի Հայաստանով Վրաստան գնացող ռուս զբոսաշրջկները նաև այստեղ կանգ առնեն:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ասում է, որ հյուրերին ազգությամբ չեն տարբերակում․ - «Անում ենք ամեն ինչ, ինչ որ կանեինք ցանկացած զբոսաշրջիկի համար: Հետևաբար, առանց որևէ ենթատեքստի, մեր բոլոր ջանքերն ուղղված են ցանկացած հյուրի համար հարմարավետության ստեղծմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG