Մատչելիության հղումներ

Էսպեր. «ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ»


ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը, Բրյուսել, 27 հունիսի, 2019թ.
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը, Բրյուսել, 27 հունիսի, 2019թ.

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը երեկ ասել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշվելու ցանկություն չունի, սակայն Թեհրանը չպետք է դա սխալ մեկնաբանի:

Այդ մասին Պենտագոնի ղեկավարը ասել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների դռնփակ նիստում:

Էսպերի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նպատակն է ապահովել Իրանի վերադարձը բանակցություններին, կայացնել համապարփակ, կայուն գործարք, որը թույլ կտա զսպել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը, վերջ կդնի ահաբեկչությանը սատարելուն և Իրանի վնասակար այլ ակտիվությանը:

«Մեր ռազմավարության հիմքում տնտեսությունն ու դիվանագիտությունն է: Մենք Իրանի հետ կոնֆլիկտ չենք որոնում, բայց մենք պատրաստ ենք պաշտպանել մեր ուժերը և շահերը տարածաշրջանում: Ոչ ոք չպետք է սխալվի և զսպվածությունն ընկալի որպես թուլություն», - ասել Էսպերը:

Մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին է չեղարկել Իրանին հարվածելու հրամանը՝ ի պատասխան ամերիկյան դրոնի ոչնչացման:

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների պաշտպանության նախարարները հայտնել են, որ Պենտագոնի նոր ղեկավարի հետ հանդիպման ընթացքում կփորձեն նպաստել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանը:

«Դաշնակիցների գլխավոր նպատակն է մեղմել վիճակը, խուսափել առճակատումից, գտնել կայունացման ուղիներ։ Առաջինը կլինեն Ամերիկայի և Իրանի բանակցությունները, ուստի, շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է բանակցել առանց նախապայմանների», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG