Մատչելիության հղումներ

«Կան համայնքապետեր, որոնք խոչընդոտներ են ստեղծում ներդրումների համար»․ մարզպետները հրավիրվել են Ազգային ժողով


Մարզային նախկին ու ներկա պաշտոնյաների չարաշահումները, համայնքային հողերի յուրացումներն այսօր խորհրդարանում դռնփակ նիստում քննարկում էին իշխանական պատգամավորներն ու մարզպետները: Մարզային պատասխանատուներին խորհրդարան էր հրավիրել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան, արխիվ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան, արխիվ

Մարզպետներին հրաժարականների պահանջներ չեն ներկայացվել: Մարզային անարդյունավետ աշխատանքից դժգոհություններ ու քննադատություններ հնչել են: Ըստ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, հասցեատերերը իրենք չեն՝ համայնքապետերն են:

«Օրինակ ինձ հարց են ուղղել ՏԻՄ-երի և համայնքապետերի ոչ արդյունավետ աշխատանքի հետ կապված: Ես էդ կարծիքին եմ, որ ունենք համայնքապետեր, որոնք դեռ հին համակարգի, արժեհամակարգի կրողներն են և իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք, համենայն դեպս, անիմաստ է, որովհետև իրենք նոր փոփոխությունների կրողները չեն», - նշեց Անդրեյ Ղուկասյանը։

Կան համայնքապետեր, որոնք խոչընդոտներ են ստեղծում ներդրումների համար, նախահեղափոխական գործելաոճով շարունակում, դժգոհեց Անդրեյ Ղուկասյանն, առանց անուններ նշելու: Լուծումը խորհրդարանից դուրս է: Իրավապահներն արդեն նրանցով են զբաղվում: Անօրինական օտարված հողատարածքները հետ բերելու ուղղությամբ գործընթացներ սկսվել են։

«Կան հողատարածքներ, որտեղ ոչ մեկին տրամադրված չեն, այսինքն համայնքային են, բայց իրականում գյուղացիներից մի քանիսը օգտագործում են այդ հողը որպես խոտհարք ու համայնքապետին վճարել են նախկինում 50 կամ 100 դոլար ամեն հեկտարի դիմաց: Հետևաբար, երբ որ ներդրող է գալիս, համայնքապետը փորձում է կոծկել այդ առկա հողերի գոյության մասին, փաստ է և փորձում է նորից եկամուտ ստանալ այն հողերից, որոնք որ համայնքային են։ Մենք, իհարկե, դա հայտնաբերում ենք հնարավորինս արագ և կանխարգելում ենք», - ասաց Լոռու Մարզպետը։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չնչին գներով յուղոտ հողակտորների տիրացել են նաև Սյունիքի մարզում: Դեռևս ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից հողատարածքների մասին, որոնք, ըստ վարչապետի, նախկին պաշտոնայները ծիծաղելի գներով են ձեռք բերել: Այս խնդրի լուծումը իրավական հարթությունում է:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան, արխիվ
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան, արխիվ

Գործում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ասաց Սյունիքի մարզպետ, նախկին իշխանության օրոք փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հունան Պողոսյանը և հավաստիացրեց․ «Ամեն ներդրում չի, որ կապված է հողատարածքի հատկացման հետ, տարբեր բնույթի առաջարկներ են լինում և հավատացնում եմ ձեզ, որ չկա մեկը, որ կարող է այսօր ինչ-որ կերպ որևէ մի ներդրողի խոչընդոտել»։

Ըստ Հունան Պողոսյանի, պատգամավորներն իր աշխատանքից չեն դժգոհել: Պատճառ էլ չկա, քանի որ, ըստ նրա, մեկ տարին բավարար չէ շոշափելի արդյուքնների համար:

«Շոշափելի արդյունքներ չեմ կարծում՝ ընդամենը մեկ տարում շատ տեսանելի արդյունքներ պետք է լինի, բայց որ դրական արդյունքներ կան, դա ակնհայտ է», - ընդգծեց Պողոսյանը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան, արխիվ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան, արխիվ

​Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ հողային ֆոնդի առումով լավ ժառանգություն չի ստացել: Բացահայտումներից էլ խիստ զարմացած է:

«Մի փոքրիկ գաղտնիք բացեմ, Կոտայքի մարզի համայնքներից մեկի ղեկավարը իր հողամասերի քանակով Հայաստանում 3-րդ հողատերն է։ Անունը ավելի ուշ կտամ, քանի որ այս պահին քրեական գործ է հարուցված, չէի ուզի որևէ անուն հնչեցնել, բայց ասեմ՝ 900 գյուղ ունենք Հայաստանում և, այո, մեկ գյուղի գյուղապետը 3-րդ հողատերն է Հայաստանի Հանրապետության մասշտաբով», - ընդգծեց Պետրոսյանը։

Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը Նոր Գեղի համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի մասին է, որը հեղափոխությունից հետո բնակիչների պահանջով հրաժարական տվեց: Ֆրոնտիկ Թևոսյանի գործունեության վերաբերյալ էլ քրեական գործ կա: Թեև հողատարածքների սղությունը խնդրահարույց է ներդրումների համար, սակայն որևէ ներդրող Կոտայքի մարզից այդ պատճառով չի հեռացել, վստահեցրեց Ռոմանոս Պետրոսյանը:

«Ներդրողներ կան, որոնք կոնկրետ տարածքում չեն կարողանում ծավալվել, բայց մենք ներդրողներին միշտ այլընտրանք ենք առաջարկում։ Որևէ ներդրող հողի հետ կապված խնդրով մեր մոտից նեղացած չի գնացել, վստահեցնում եմ», - ասաց Կոտայքի մարզպետը։

Մազրեպտների հետ Ազգային ժողովում հանդիպումը նրանից հաշվետվություն պահանջելու կամ դժգոհություն հայտնելու նպատակով չէր: Մոտ երկու ժամ տևած դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Հստակեցրել են մարզպետների հետ անխափան շփվելու ձևաչափը։

«Դժգոհությունը չէր կամ ինչ-որ հաշվետվություն ստանալը չէր մարզպետներից, մենք այսօր կայացրեցինք երկխոսության մեր մեխանիզմի մասին որոշում՝ ինչպես ենք այսուհետև մարզպետների հետ հարաբերվելու», - նշեց Կարապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG