Մատչելիության հղումներ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը պարապուրդի է մատնված


Մեր լավագույն երգչախմբերից մեկը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն մի քանի ամիս է փորձասենյակ չունենալու պատճառով պարապուրդի է մատնված, այն բանից հետո, երբ անվերջանալի նախազգուշացումներն անհետևանք մնացին, և ի վերջո փլուզվեց Արամի 23 հասցում գտնվող և սեփականության իրավունքով երգչախմբին պատկանող, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը:

Այդ տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպության գործողությունների դեմ բազմիցս ահազանգել է երգչախմբի հիմնադիր ղեկավար, անվանի դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն Տիգրան Հեքեքյանը: Խնդրին բազմիցս անդրադարձել են ամենատարբեր պետական մարմիններ՝ քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը և այլն՝ պնդելով, որ ամեն կերպ պետք է պահպանել շենքը և ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել շենքի վերջնական փլուզումը: Բայց, ավաղ, շենքի պատը միևնույն է փլուզվեց, ավելին՝ անցյալ տարեվերջին կառավարության որոշմամբ այդ տարածքը պետական գերակա շահ ճանաչվեց: Իսկ Տիգրան Հեքեքյանն այդ հարցով դիմեց դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը:

«Ազատության» հետ զրույցում Հեքեքյանը նախ հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ տեղի ունեցած փլուզումից հետո իրենց կողմից հրավիրվել էին իտալացի մասնագետներ․ - «Ճարտարապետներ, հնագետներ, որոնք կազմել են նախագիծ՝ շատ մատչելի գումարով, ընդամենը 7 միլիոն դրամով, և ներկայացրել են քաղաքապետարանին և Մշակույթի նախարարությանը, որպեսզի հաստատեն: Նախնական պայմանավորվածություն կար, և ունենք հնգակողմ ստորագրված պայմանագիր, որ դա պետք է շատ արագ լուծվի: Ներկայացված է նախագիծը մարտի սկզբին նախարարություն, նախարարությունը որոշ շտկումներ պահանջեց: Անելուց հետո, մարտի 20-ին նախագիծը ներկայացվել է քաղաքապետարան՝ հաստատման, և գրված է եղել, որ մեկ-երկու շաբաթվա մեջ եթե չսկսվեն աշխատանքները, այս նախագիծը անհիմն է լինում, որովհետև իրավիճակ է փոխվում հողի գրունտների, անձրևաջրերի: Նորից պիտի սկսենք հետազոտել: Մարտի 20-ից անցել էր երկու ամիս, և գլխավոր ճարտարապետ Մեսչյանը հայտարարեց իր ասուլիսի ժամանակ, որ ինքը ստորագրել է այդ նախագիծը: Ժուռնալիստի հարցին հետո՝ Դուք հաստա՞տ ստորագրել եք, ասեց՝ նախագիծը չէ, էսքիզը: Բայց մենք էսքիզ չենք ներկայացրել, մենք ներկայացրել ենք նախագիծ: Իհարկե ոչինչ չէր ստորագրվել: Հետո մեր բազում նամակներից և իտալացիների նամակներից հետո մեզ հանկարծ մի ամիս ու կես ուշացումից հետո գրում են, որ դուք ինչ-որ մի ձև պիտի լրացնեք»:

Ի վերջո շատ արագ նաև այդ փաստաթուղթն են լրացնում ու ներկայացնում քաղաքապետարան․ - «Եվ անցել է արդեն մեկ ամսից ավել, և էլի որևէ հաստատում չկա: Բացի այն, որ ոչինչ չի արվել, մենք հիմար վիճակում ենք հայտնվել իտալական կազմակերպության հանդեպ: Ոչ թե մեր կազմակերպությունը, այլ Մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանը, որ լուրջ հիմնարկներ են, պետություն են ներկայացնում և ստորագրել են, որ դա պիտի արվի: Ոչինչ չի արվում: Ավելին, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որը յոթ ամիս մնաց պարապուրդի մեջ, քանի որ ունենք հրավերներ Լիտվա և Գերմանիա, պայմանավորվածության եկանք, որ Ի-Եմ-Սի կազմակերպությունը պիտի վճարի և իրենք մի տարածքում պիտի փորձ անեն: Առաջին մի ամսվա գումարը տվել են և այլևս չեն տվել»:

Հեքեքյանը նշեց, որ երգչախումբ սեպտեմբերին կմեկնի մեծ հյուրախաղերի Գերմանիա և Լիտվա: Հյուրախաղերը նվիրված են Կոմիտասի 150-ամյակին․ - «Մենք երգելու ենք Կոմիտաս: Ոչ միայն մենք ենք երգելու: Երգչախմբերը, որոնք այդտեղ կան, նրանք մեզ հետ են երգելու, ես վարպետաց դասեր եմ անցկացնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG