Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ


Հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում: «Ձեր գործունեությամբ Դուք նպաստել եք հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, դեսպանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունները խորքային են, գալիս են հազարամյակներից և այժմ էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Յոգեշվար Սանգվանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունն առաջ մղելու համար: Նա նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն ավելացել է Հնդկաստանից զբոսաշրջիկների թիվը, ինչը նպաստել է տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը, քայլեր են իրականացվել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ:

Վարչապետը խնդրել է Հնդկաստանի վարչապետին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել դեսպան Սանգվանին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կմնա հայ ժողովրդի և Հայաստանի լավ բարեկամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG