Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանը հրաժարվեց կալանավորել վրացական ընդդիմության առաջնորդներից մեկին


Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժեց Վրաստանի գլխավոր դատախազության` «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման միջնորդությունը:

Դատարանի որոշմամբ նախաքննության ընթացքում Մելիան կարող է մնալ ազատության մեջ, ճիշտ է՝ 30 հազար լարի (մոտ 10 հազար դոլար) գրավի դիմաց:

Ընդդիմադիր գործչին կալանավորելու միջնորդությամբ Վրաստանի գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել երեկ երեկոյան, այն բանից հետո, երբ խորհրդարանը Մելիային զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Իրավապահները պնդում են, որ հունիսի 20-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բախումները սկիզբ առան այն բանից հետո, երբ Նիկա Մելիան իր կողմնակիցների հետ փորձեց ճեղքել ոստիկանական շղթան և գրոհել խորհրդարանի շենքը:

Դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո ընդդիմադիր գործիչը հեռակա կոչով դիմեց իշխող «Վրացական երազանքի» պատգամավորներին` կոչ անելով նրանց հաշիվ պահանջել Բիձինա Իվանիշվիլիից:

«Ինձ անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկած պատգամավորները թող բարձրանան Բիձինա Իվանիշվիլիի մոտ և հարցնեն նրան` այս ի՞նչ ես արել մեզ հետ: Նա մերկացրել է ձեզ, պատվազրկել է, ծնկի է չոքեցրել, վիրավորել է», - հայտարարում էր Նիկա Մելիան:

Նշեմ սակայն, որ «Ազգային միացյալ շարժման» ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը իշխող կուսակցության ներսում լուրջ տարաձայնություններ էր առաջացրել: Դրա ամենավառ վկայությունը թերևս այն էր, որ «Վրացական երազանք» խմբակցության 107 անդամներից նախօրեին միայն 91-ն էին քվեարկել ընդդիմադիր գործընկերոջը անձեռնմխելիությունից զրկելու օգտին:

«Դա սկզբունքային հարց էր, ոչ թե շարքային օրինագիծ, որին կարելի էր և դեմ քվեարկել: Առավել ևս, որ «Վրացական երազանք» խմբակցությունը որոշում էր կայացրել միասնական դիրքորոշմամբ հանդես գալ և միաձայն կողմ քվեարկել Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Մեր գործընկեր պատգամավորները պետք է ի վերջո հստակ ընտրություն կատարեն` կա՛մ շարունակում են քաղաքականությամբ զբաղվել և մնում են խորհրդարանում, կա՛մ էլ վանական են դառնում ու գնում մենաստան», - լրագրողների հետ զրույցում նշել է «Վրացական երազանք» խմբակցության անդամ Նուքրի Քանթարիան:

Թբիլիսիում յոթերորդ օրը շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ակնհայտ է, որ ընդհանուր նյարդային իրավիճակը սկսել է տարածվել ողջ քաղաքական դաշտի, նաև կառավարության ու խորհրդարանի վրա: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր վերջին պահին չեղարկեց խորհրդարանականների առջև իր ելույթը, որ նվիրված էր լինելու նախարարների կաբինետի գործունեության առաջին մեկ տարվա արդյունքներին:

Խորհրդարանի նորընտիր խոսնակ Արչիլ Թալաքվաձեի պնդմամբ, նման քննարկում կազմակերպելը անհնարին է:

«Բոլորի համար էլ ակնհայտ է, որ նման իրավիճակում կառավարության գործունեության քննարկումը խորհրդարանում անհնարին է: Մեր ցանկությունն է, որ ընդդիմությունը ևս լիարժեքորեն մասնակցի կառավարության գործունեության արդյունքների ամփոփմանը: Այդ իսկ պատժառով այժմ մենք խորհրդակցում ենք վարչապետի հետ նրա ելույթի նոր ժամկետների շուրջ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը` ընդունելով, որ ներկա իրավիճակում խորհրդարանում կազմակերպվող ցանկացած քննարկում վերածվելու է հունիսի 20-ի իրադարձությունների և դրանց հաջորդած դեպքերի շուրջ սուր բանավեճի:

Վրաստանի կառավարության ղեկավարը, ի դեպ, այսօր փորձեց որոշակիորեն մեղմել խորհրդարան չժամանելու փաստից առաջացած հանրային դժգոհությունը` «Ֆեյսբուքում» բացատրելով իր այդ քայլի դրդապատճառները:

«Վերջին օրերին ծավալված իրադարձությունների ֆոնին կառավարության ծրագրի շուրջ քննարկումները հանրության շահերին չէին համապատասխանի: Ամեն դեպքում, ես պատրաստ եմ կառավարության գործունեության տարեկան ամփոփումը խորհրդարանի անդամներին ներկայացնել ցանկացած այլ օր, այդ թվում արտահերթ նստաշրջանի ընթացքում», - նշել է Բախտաձեն՝ հավելելով, որ այսօր երեկոյան արդեն պատրաստվում է հանդիպել վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: - «Վերջին օրերին ծավալված իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել, այնպես որ ես պատրաստ եմ պատասխանել բոլոր հրատապ հարցերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG