Քննարկումները տեղի են ունենում 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը պահպանելուն ուղղված եվրոպական երկրների ջանքերի ֆոնին:
Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական երկրները փորձում են կանխել գործարքի տապալումն ու այն լքած Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը և միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին չխախտել պայմանավորվածությունները:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նախօրեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային կոչ էր արել ժամանակ չկորցնել և քայլեր ձեռնարկել պահպանելու համասձայնագիրը, որը, իրանցի դիվանագետի բնորոշմամբ, «հայտնվել է կրիտիկական վիճակում»:
Թեհրանը ավելի վաղ սպառնացել էր հրաժարվել միջազգային պայմանավորվածություններից և վերսկսել ուրանի հարստացումը՝ եթե ամերիկյան իշխանությունները շարունակեն պատժամիջոցների սահմանումը: Ւրանի իշխանությունները նաև եվրոպացի գործընկերներին են մեղադրում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ՝ պնդելով, թե չեն պաշտպանել իրանական տնտեսությունը պատժամիջոցների հետևանքներից, ինչի արդյունքում երկիրը հայտնվել է տնտեսական ճգնաժամում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները «Ռոյթերզ»-ի հետ զրույցում նշել են, որ այս պահին Իրանում ուրանի հարստացման պահուստները դեռևս չեն հասել հնարավոր առավելագույնին, սակայն ընդամենը մի քանի օրում իրավիճակը կարող է փոխվել:
Գործակալությունը նախօրեին հաստատել էր, որ իրանական պահուստները կազմում եմ մոտ 200 կիլիոգրամ, սահմանված 202,8-ից քիչ պակաս: Աղբյուրի փոխանցմամբ, Թեհրանը օրական արտադրում է մեկ կիլոգրամ, ինչը նշանակում է, որ թույլատրելի սահմանը կարող է անցնել առաջիկա հանգստյան օրերին:
Իրանի հետ վեց գերտերությունների միջև 4 տարի առաջ կնքված պատմական համաձայնագիրը խարխլման վտանգի տակ հայտնվեց անցյալ տարի, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ գործարքից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ, նաև սպառնալով պատժել այն երկրներին, որոնք կշարունակեն Իրանի հետ տնտեսական կապեր ունենալ:
Իրանի նկատմամբ ամերիկյան մի շարք կոշտ պատժամիջոցների և երկրների միջև հեռակա լեզվակռիվը անցյալ շաբաթ հասավ ռազմական բախման շեմին. Իրանը հայտարարեց, թե իր օդային տարածքում ամերիկյան անօդաչու սարք է խոցել, մինչդեռ Պենտագոնը պնդեց, թե անօդաչու սարքը եղել է չեզոք գոտում: Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարը գրեթե պատրաստ էր հարվածել Իրանին, բայց, ինչպես հայտարարել է Թրամփը, վերջին պահին հրաժարվել է այդ մտքից:
Ավելի վաղ Վաշինգտոնը հավելյալ 1000 զինվոր էր ուղարկել Մերձավոր Արևելք Հորմուզի նեղուցում երկու նավթակիրների վրա կատարված հարձակումներից հետո: Վաշինգտոնը միջադեպի մեջ մեղադրում է Իրանին, Թեհրանը հավաստիացնում է, թե կատարվածի հետ որևէ կապ չունի:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը այսօր հայտարարել է, թե Նահանգները Իրանի հետ պատերազմ չի փնտրում, սակայն պատրաստ է իր ռազմանավերն ուղարկել Հորմուզի նեղուց՝ սեփական նավատորմի անվտանգությունը ապահովելու համար:
Իրանի խնդիրը ճապոնական Օսակա քաղաքում այսօր մեկնարկող Մեծ քսանյակի գագաթնաժողովի գլխավոր թեմաներից է: Հավաքին մասնակցող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առավելագույն ջանքերն է գործադրելու թույլ չտալու Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական սրացում:
«Մենք կանենք առավելագույնը, որպեսզի որևէ մեկը չդիմի անշրջելի գործողությունների», - հայտարարել է համաձայնագրին մաս կազմող Ֆրանսիայի առաջնոդորդը՝ խոստանալով թեմայի շուրջ քննարկումներ ունենալ ամերիկացի պաշտոնակցի հետ: Մակրոնը նաև հավելել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ է զրուցել և զգուշացրել է, որ միջուկային համաձայնագրից դուրս գալը և այդ ուղղությամբ գնալու ցանկացած ազդակ սխալ կլինի: