Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է մինչև 18 տարեկան քաղաքացիների բուժօգնությունը դարձնել անվճար


Այսօր տեղի է ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում առաջարկվել է պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին իրականացնել առողջապահության ոլորտի մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում:

«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ:

Մինչ այժմ այդ իրավունքից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները:

Փոփոխության արդյունքում մինչև 18 տարեկան շահառուների քանակն ավելանում է մոտ 200,000 անձով:

Ինչպես նշել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, այս փոփոխությունները հնարավոր են դարձել պետբյուջե 62 մլրդ դրամ հավելյալ մուտքերի շնորհիվ:

«Դրա մասին, Դուք՝ պարոն վարչապետ, բազմիցս հայտարարել եք, և որի մի զգալի մասը փաստացի ուղղվելու է սոցիալապես կարևոր ոլորտներից մեկին՝ առողջապահությանը»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ նպատակի համար մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել 12 մլրդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG