Մատչելիության հղումներ

«Երազում եմ, առաքելություն ունեմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար». Արմեն Սարգսյան


Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպումը կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանն իսկապես 21-րդ դարի ստարտափ երկրներից է։

Արմեն Սարգսյանը կարևորել է մարդկանց, ազգերի ու երկրների առաքելությունն աշխարհում, մասնավորապես նշելով. - «Առաքելություն չունեցող ազգը կամ մարդը կորած է։ Առաքելությունը համախմբում է ժողովրդին՝ հասնելու հաջողության»։

Այս համատեքստում, անդրադառնալով Հայաստանին, նախագահ Սարգսյանն ասել է. - «Օրինակ, ես առաքելություն ունեմ, աշխատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, հնագույն ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, դարձնել ողջ աշխարհում հնագույն մշակույթների ու ձեռագրերի միջազգային կենտրոն։ Մյուս առաքելությունն է վերակենդանացնել Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, որը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Ես ցանկանում եմ այն կյանք վերադարձնել, աշխուժացնել զբոսաշրջությունը, քանի որ Գյումրին հիասքանչ քաղաք է, ունի յուրահատուկ մշակույթ»։

Հայաստանի նախագահը նշել է ևս երկու նախաձեռնությունների մասին։ Դրանցից մեկի նպատակն է Հայաստանը դարձնել հանգույց նոր տեխնոլոգիաների ու գիտության համար։

«Ապագան ամենուր՝ թե՛ գյուղատնտեսության մեջ, թե՛ տիեզերքում, թե՛ սննդի արդյունաբերության կամ ժամացույցների պատրաստման գործում հիմնված է լինելու նոր տեխնոլոգիաների վրա», - ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով. - «Ես ցանկանում եմ, երազում եմ, առաքելություն ունեմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար։ Այստեղ մենք կարող ենք լինել հաջողակ։ Մյուս ծրագիրը կոչվում է ATOM: Դրա հիմքում լինելու է գիտական պարկը, որտեղ հաճախելու են երեխաները: Իսկ երկրորդ մասը լինելու է «Վաղվա թանգարանը»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ նախնական պայմանավորվածություններ կան մի շարք հայտնի ընկերությունների՝ «Դասո»-ի, «Թալես»-ի հետ, աշխատանքներ են տարվում «Սաֆրան»-ի, «Լեոնարդո»-ի, «Էլետրոնիկա»-ի, Հայդելբերգի, Քեմբրիջի համալսարանների, Սկոլկովոյի հետ»։

Որպես ևս մեկ առաքելություն՝ Սարգսյանը նշել է Հայաստանը սննդի անվտանգության հանգույց դարձնելը։ «Դա նշանակում է, որ մենք ոչ թե արտադրելու ենք շատ սնունդ, այլ լինելու ենք հանգույց, որտեղ այն կարող է հավաքվել մեկ վայրում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ստեղծվում են լոգիստիկ պայմաններ Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում», - ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG