Մատչելիության հղումներ

Ադրբեջանում աշխատավարձերի անսպասելի բարձրացումը մտահոգությունների տեղիք է տվել


Ադրբեջանում աշխատավարձերի անսպասելի բարձրացումը ընդդիմադիրների և փորձագետների շրջանում մտահոգություններ է առաջացրել

Անցյալ շաբաթ Ադրբեջանի կառավարությունը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու որոշում է կայացրել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով մոտ 117 դոլարի, իսկ աշխատավարձինը՝ 147-ի:

Պաշտոնական տվյալներով՝ իշխանությունների այս որոշումը կտարածվի երկրի ավելի քան 2 միլիոն քաղաքացու վրա, այդ թվում՝ ավելի քան 750 հազար թոշակառուի:

Ինչպես հայտարարել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները, այդ միջոցները հնարավոր է դարձել տնտեսել նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած կառուցվածքային բարեփոխումների շնորհիվ:

Հարյուր հազարավոր ընտանիքների վերաբերող դրական այդ որոշման շուրջ Ադրբեջանում ավելի շատ մտավախություններ և հարցեր են հնչում: Տնտեսագետները միաբերան կտրուկ գնաճ և ազգային տարադրամի արժեզրկում են կանխատեսում, թեև ֆինանսների նախարարի տեղակալ Ազեր Բայրամովը հավաստիացրել է, թե իշխանությունները ի վիճակի են զսպել գնաճը: Ադրբեջանցի պաշտոնյան հորդորել է հանգիստ լինել առնվազն մինչև տարեվերջ:

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին մինչդեռ համոզված է՝ արդեն սեպտեմբերին ականատես կլինեն մանաթի հերթական գաhավիժմանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գյոզալ Բայրամլին էլ համոզված է՝ աշխատավարձերի բարձրացումը ընդամենը նախընտրական շոու է: Վերջերս բանտից ազատ արձակված ընդդիմադիր գործիչը ակնարկել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Տնտեսագետ Թերվիզ Հեյդարովը «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում նշել է, թե աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ նաև պետք է վերանայվի նվազագույն սպառողական զամբյուղը. ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ դա պետք է տեղի ունենա յուրաքանչյուր 3 տարին մեկ, սակայն Հեյդարովի խոսքերով՝ վերջին 9 տարվա ընթացքում ադրբեջանցիների սպառողական զամբյուղը փոփոխություն չի կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG