Մատչելիության հղումներ

Արցախի ԱԱԾ-ի նախկին տնօրենը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար


Քաղաքականությամբ զբաղվելու պատճառաբանությամբ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռացած Վիտալի Բալասանյանին կփոխարինի Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

Հրամանագիրը այսօր ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Դեռ անցած ամառ Ղարամյանը զբաղեցնում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը և ստիպված եղավ հրաժարական տալ Արցախում սկիզբ առած բողոքի ցույցերի հետևանքով: Պատճառը հունիսի 1-ին Արցախի քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն էր։

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի պնդմամբ, Ղարամյանը պատկանում է ուժայինների այն խմբին, որոնք վերջին մեկ տարում Արցախում հակահեղափոխակաան գործունեությամբ են զբաղվել․ - «Տեսանք, որ Բակո Սահակյանի այն խոստումները, որ բարեփոխումներ են կատարվելու, որ գնում է ընդառաջ ցուցարարներին, ժամանակի ընթացքում դրանք բլեֆ դուրս եկան: Եվ գրեթե բոլոր այն մարդիկ, որոնք հրաժարական տվեցին անցած տարվա ամռանը, այսօր այսօր այս կամ այն տեսքով վերադառնում են իշխանական համակարգ: Կարծում եմ, այստեղ իհարկե քաղաքական ենթատեքստ պետք է փնտրել: Ուժայինների, գեներալների այս խումբը պատրաստվում է ինչպես 202 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ մինչ այդ կանխատեսվելիք քաղաքական գործընթացներին: Փորձում են ուժեղացնել իրենց դիրքերը»:

Ղարամյանի մասին Գրիգորյանն ասաց․ - «Նա այն փոքր ոչ ֆորմալ շրջանակի անդամն է, որը տարիներ շարունակ ղեկավարում էր Արցախը: Գործում էին ֆորմալ ինստիտուտներ, կուսակցություններ, Ազգային ժողով, Կառավարություն, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ֆորմալ առումով իրականացնում էին իշխանությունը Արցախում, բայց գոյություն ուներ մի փոքր շրջանակ՝ բաղկացած հիմնականում գեներալներից, որոնք իրականում այն մարդիկ էին, որոնք կայացնում էին որոշումները Սերժ Սարգսյանի հետ միասին: Ե՛վ Արշավիր Ղարամյանը, և՛ Լևոն Մնացականյանը և մի քանի այլ գեներալներ մտնում էին այդ շրջանակի մեջ»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ այս նշանակումը Արցախում նոր բողոքի ցույցերի պատճառ կարող է դառնալ: Հորդորում է հարցին անդրադառնալ ոչ թե նախորդ տարվա ցույցերի, այլ Ղարամյանի անցած ռազմական ճանապարհի համատեքստում:

Բաբայանի համար անհասկանալի է նաև Ղարամյանին տրված «հակահեղափոխական» որակումը: Հարցնում է՝ իսկ նա երբևէ հրապարակային որևէ կարծիք հայտնե՞լ է Հայասատանի գործող իշխանությունների մասին․ - «Որևէ մեկի անձնական մոտեցումները, զգացմունքները և այլն չեն կարող դառնալ և չպետք է դառնան պետական մոտեցում: Դա անթույլատրելի է»:

Բակո Սահակյանի նշանակումները այսքանով չեն սահմանափակվել: Երկու օր առաջ նրա հրամանագրով
գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Արզումանյանը դեռ անցած տարի Հայաստանում էր պաշտոն զբաղեցնում՝ ռազմական գլխավոր տեսուչն էր: Բայց 2018 թվականի հուլիսին իրեն այդ պաշտոնին նշանակած վարչապետ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից: Փաշինյանի այդ որոշմանը նախորդել էր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի հայտարարությունը այն մասին, որ Ստեփանակերտում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով իրենց հրավիրած հանրահավաքին աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։

Փաշինյանի այն ժամանակվա մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրատվամիջոցներին փոխանցել էր, որ հրաժարականի պատճառն այն էր, որ Արզումանյանը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ, իսկ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ:

Այն, որ ժամանակին Արզումանյանի անունը կապվել է Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության հետ, չի՞ խանգարի այսօր նրա ու Արցախի նախագահի համատեղ աշխատանքին․ «Ազատության» այս հարցին Բակո Սահակյանի մամուլի խոսնակը արձագանքեց․ - «Չեմ կարծում, որովհետև ստեղ խոսքը գնում է նրա մասին, որ պետության անվտանգության խնդիր է, բանակաշինության խնդիր է: Անկախ ամեն ինչից պետք է աշխատանքը տարվի այս ուղղությամբ»:

Նախորդ տարվա ամռանը Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող ցուցարարաները դադարեցրին բողոքի ակցիաները Նիկոլ Փաշինյանից կոչից հետո միայն:

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծիք է հայտնում՝ Արզումանյանի նշանակումը ոչ թե Բակո Սահակյանի, այլ Երևանի որոշումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG