Մատչելիության հղումներ

Չնայած ամերիկյան ճնշումներին՝ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական C-400֊ներից


Եվս մի քանի շաբաթ և ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կժամանեն Թուրքիա: Նախօրեին այդ մասին հայտարարեց ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող պետական Рособоронэкспорт ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը:

«C-400 համակարգերի` Թուրքիա առաքման համար ամեն ինչ պատրաստ է 99 տոկոսով և առաջին մատակարումները նախատեսված են հուլիսին», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ նշել էր Միխեևը:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով Թուրքիայի հետ կնքված գործարքը կյանքի է կոչվել աննախադեպ կարճ ժամանակահատվածում: Խոսքն, ըստ Միխեևի Թուրքիային վաճառվող C-400 համակարգերի արտադրության ռեկորդային կարճ ժամկետների մասին է:

Рособоронэкспорт ընկերության ղեկավարի այս հայտարարությունները համընկան Անկարային ուղղված ամերիկյան նախազգուշացումների հերթական չափաբաժնի հետ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը երեկ զգուշացրել է իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին, որ ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը կնշանակի, որ Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը զրկվում է նորագույն F-35 մակնիշի կործանիչների արտադրությանը մասնակցելու հնարավորությունից: Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Հունիսի 25-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպան Քեյ Բեյլի Հաչիսոնը ևս նշում էր, որ Մոսկվայի հետ կնքված գործարքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Թուրքիայի համար:

«Մեզանից շատերն են Թուրքիային փորձել համոզել, որպեսզի հրաժարվի C-400 համակարգերի ձեռքբերումից, սակայն մամուլի վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ Ռուսաստանը արդեն իսկ պատրաստվում է այդ համակարգերը Թուրքիա առաքել, ինչը նշանակում է, որ հետևանքներ ևս լինելու են», ֊ հայտարարում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը:

Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ C-400 համակարգերի ձեռքբերման գործարքը բացառապես Անկարային և Մոսկվային է վերաբերում:

«Թուրքիան այն պետությունը չէ, որ իր պաշտպանությունն ապահովելու ճանապարհին բանակցի այլ երկրների հետ, դրանցից թույլտվություն հայցի կամ էլ տեղի տա ճնշումների առջև», ֊ այս շաբաթ հայտարարում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG