Մատչելիության հղումներ

ՀՖՖ նախագահը վստահ է, որ հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Ազգային մարզադաշտը նախատեսվում է կառուցվել ոչ թե Երևանում, այլ մայրաքաղաքին մոտ մարզերից մեկում։

«Հիմնական պատճառը նա է, որ Երևանը խիտ կառուցապատված է, և եթե մարզում կարողանանք կառուցել Ազգային ստադիոնը, բնականաբար, դրա կողքը կկառուցվեն այլ օբյեկտներ, և այդ քայլով նաև կաջակցենք մարզերի զարգացմանը»:

Վանեցյանը կոնկրետ ժամկետ չնշեց․ - «Ամեն օր աշխատում ենք, որ ինչքան հնարավոր է շուտ լինի»:

ՀՖՖ նախագահը նշեց, որ Ազգային մարզադաշտի կառուցումը հսկայական ներդրումներ է պահանջում․ - «Պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ Ազգային ստադիոնի կառուցմանը և Ազգային ստադիոնը պետք է կառուցվի մասնավոր ներդրողի կողմից։ Այսօր շարունակվում են բանակցությունները մի քանի ներդրողների հետ, և, կարծում եմ, առաջիկայում կունենանք որոշակի դրական արդյունք»։

Պատասխան «Հրազդան» մարզադաշտի ճակատագրին վերաբերող հարցին՝ Վանեցյանն ասաց, որ մի քանի անգամ հանդիպել են մարզադաշտի սեփականատիրոջը, բանակցել են։ Խոսքը մեծ գումարի մասին է, և պետք է մասնավոր ներդրող լինի, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը վերակառուցվի․ - «Սեփականատերը ներդրող գտնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է: Մենք ասել ենք, որ մեր հերթին մենք էլ կաջակցենք: Բայց մասնագետների գնահատմամբ, «Հրազդան» մարզադաշտը իր տեխնիկական բնութագրով, ինչքան էլ վերանորոգեն և վերակառուցեն, չի համապատասխանել այն միջազգային ցուցանիշներին, որը անհրաժեշտ է նոր ստադիոնի համար: Այդ մարզադաշտում կկարողանանք անցկացնել ներքին առաջնությունը, բայց որևէ կերպ չենք կարող ակնկալել, որ Երևանում կանցկացվեն միջազգային առաջնության խաղեր»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը այսօր ևս մեկ անգամ նշեց, որ ֆեդերացիայի հիմնական նպատակն այն է, որ ֆուտբոլով զբաղվեն հնարավորինս շատ անձինք․ - «Այդ ուղղությամբ մենք այս տարի կառուցելու ենք հիմնականում մարզերում շուրջ 76 փոքր դաշտեր, որոնք նվիրելու ենք համայնքներին: Դա հսկայական ներդրումներ են և հսկայական աշխատանք է, որը կատարելու է ֆուտբոլի ֆեդերացիան: Եվ կարծում եմ, այդ քայլով մենք կարողանալու ենք մեր մարզերում բնակվող երեխաներին օգնենք, որպեսզի նրանք զբաղվեն ֆուտբոլով»:

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համաժողովին Արթուր Վանեցյանն իր ելույթում ընդգծեց, որ իրենց համար կարևոր են ոչ թե մեկանգամյա հաջողությունները, այլ երկարաժամկետ ծրագրերը, որոնք արդեն իսկ սկսել են իրականացվել։

Նա ասաց, որ 2018-ի սեպտեմբերին ստանձնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ ֆեդերացիայում սկսել է լայնածավալ աշխատանք, որն արդեն իսկ շոշափելի արդյունքի է բերել:

Իր ելույթում անդրադարձավ նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին: Վանեցյանը նկատեց, որ հունվարից ի վեր, ինչ իսպանացին մասնագետը Հայաստանում է, տեսանելի են նրա աշխատանքի դրական արդյունքները․ - «Ես անձամբ մի քանի անգամ անձամբ եմ հանդիպել պարոն Մենենդեսի հետ, քննարկել հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրերը և հիմա վստահություն ունեմ, որ հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հիշեցրեց նաև Հայաստանի ընտրանու վերջին երկու հաղթանակները։ Հույս հայտնեց, որ հաջողությունների շարքը չի ընդհատվի․ - «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ամեն ինչով աջակցելու ենք հավաքականին, լինելու ենք մարզիչների և ֆուտբոլիստների կողքին՝ սպասելով նոր հաջողությունների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG