Ոստիկանությունը հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում։
Ըստ հաղորդագրության, 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերն Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։
«Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն ևս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր», - ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։