Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։
Ըստ դեսպանության, նա վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։
«Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով», - ասված է հաղորդագրությունում։
Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 21-ին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:
Դժգոհությունը ընդամենը մի քանի ժամում հասավ աննախադեպ չափերի: Ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի առջև արդեն հավաքվել էին վրացական ընդդիմության գրեթե բոլոր ղեկավարները և նրանց հազարավոր աջակիցներ: Ընդդիմության առաջնորդները սակայն դժվարությամբ էին կարողանում վերահսկել իրավիճակը, և կեսգիշերին մոտ ցուցարարները սկսեցին գրոհել խորհրդարանի շենքը: