ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր կհավաքվեն Բրուսելում՝ մասնակցելու երկօրյա բանակցություններին:
Բանակցությունների օրակարգում են դաշինքի պաշտպանական ծախսերը, Աֆղանստանում առաքելությունը և Ռուսաստանի կողմից միջուկային զենքի վերահսկման համաձայնագրի ենթադրյալ խախտումները։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Միաժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսփերը հայտարարել է, որ մտադիր է բանակցությունների ընթացքում օրակարգային դարձնել Իրանի խնդիրը, հույս ունենալով, որ դաշնակիցներից աջակցություն կստանա Թեհրանին զսպելու և իր ձևակերպմամբ՝ «դիվանագիտության դուռը բացելու» նպատակով:
Ստոլտենբերգը հունիսի 25-ին հայտարարել է, որ նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև «բեռի բաժանման» հարցը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական կոչերի ֆոնին, որ պաշտպանական ծախսերը պետք է ավելացվեն և կազմեն անդամ պետությունների համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը: