Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Արչիլ Թալաքվաձեն


Փոխադարձ մեղադրանքներ, սուր քննադատություն, քաշքշուկ` նման մթնոլորտում երեկ Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ընտրեց:

94 կողմ, 1 դեմ քվեների հարաբերակցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվեց Արչիլ Թալաքվաձեն: Նա այս պաշտոնում փոխարինում է Թբիլիսիում ծավալված բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական ներկայացրած Իրակլի Կոբախիձեին:

Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանում Թալաքվաձեն զբաղեցնում էր իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի պաշտոնը:

«Ես խոստանում եմ մեր հանրությանը, որ խորհրդարանում այսուհետ խաղաղ և կառուցողական մթնոլորտ է տիրելու և մենք կայացնելու ենք բացառապես այն որոշումները, որոնք բխում են մեր ազգային շահերից», - հայտարարում էր Թալաքվաձեն քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:

Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահը օրենսդիր մարմնում խաղաղ մթնոլորտ հաստատելու մասին պատահական չէ որ հիշել էր: Խոսնակի պաշտոնում նրա ընտրությանը բավական բուռն իրադարձություններ նախորդեցին:

Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների անդամները ողջ նիստի ընթացքում պահանջում էին հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բախումների վերաբերյալ առանձին քննարկում անցկացնել: Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ ոստիկանությունը ոչ համարժեք է գործել և ցուցարարների դեմ անհամաչափ ուժ է կիրառել:

Իրադրությունը խորհրդարանի դահլիճում սրվեց այն բանից հետո երբ իշխող «Վրացական երազանքի» անդամ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, թե Ռուսթավելիի պողոտայում ծավալված իրադարձությունների գլխավոր մեղավորը վրացական ընդդիմությունն է:Դրան հետևած լեզվակռիվն ու քաշքշուկը շարունակվեցին մոտ 10 րոպե, որից հետո ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Երեկոյան կողմ էլ հայտնի դարձավ, որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ամենաակտիվ մասնակիցներից մեկի` «Ազգային միացյալ շարժման» ղեկավար Նիկա Մելիայի դեմ քրեական գործ է հարուցվել:

Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում էր, որ Մելիան մեղադրվում է հունիսի 20-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում զանգվածային անկարգություններ հրահրելու համար: Քննիչների պնդմամբ ցուցարարների և իրավապահների միջև բախումները ծագեցին այն բանից հետո երբ Նիկա Մելիան փորձեց ճեղքել ոստիկանական շղթան և մուտք գործել խորհրդարանի շենք:

«Գլխավոր դատախազությունը, հետևելով օրենսդիր մարմնի կանոնակարգի պահանջներին, արդեն իսկ տեղեկացրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարությանը Նիկա Մելիայի դեմ հարուցված քրեական գործի մասին: Ներքին գործերի նախարարությունն իր հերթին ակտիվ քննչական միջոցառումներ է իրականացնում` նպատակ ունենալով պարզել այն անձանց ինքնությունը, որոնք հունիսի 20-ի երեկոյան փորձում էին ճեղքել ոստիկանական շղթան և գրոհել խորհրդարանի շենքը», - նշում էր Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG