Կալանավորման որոշումից ավելի քան 2 ժամ անց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքներն ու նախկին նախագահին կալանավորելու որոշում կայացրեց։ Սա Քոչարյանին կալանավորելու արդեն երրորդ որոշումն է՝ անցած տարի հուլիսին նրան մեղադրանք առաջադրելուց ի վեր։
Ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ նրա պաշտպանները նիստին ներկա չէին։ Փաստաբաններն այսօր ավելի վաղ հայտարարել էին այն բոյկոտելու մասին։
«Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակյանի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական գումարները վերադարձնել դրանք մուծած անձին», - որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը։
Դատավոր Արմեն Դանիելյանը բավարարելով նաև երկրորդ բողոքը՝ բեկանեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և քրեական գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։
«Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թվականի որոշումը բեկանել, և թիվ համապատասխան քրեական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության», - նշեց դատավորը։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Վճռաբեկ ատյանում կվիճարկեն Վերաքննիչի այսօրվա որոշումները։ Հավելեց՝ մինչև բուն որոշումներին ծանոթանալը, առնվազն երկու հիմքով բողոքարկելու են դրանք։
Առաջին հիմքն այն է, որ դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ իրենց չթույլատրեց դիրքորոշումը հայտնել բողոքների վերաբերյալ։ Երկրորդ՝ հենց սկզբից իրենք հայտարարել էին, որ այս դատավորը չի կարող քննել գործը, որովհետև մակագրման գործընթացի մեջ սխալներ են եղել։
Քոչարյանին կալանքից ազատ արձակելու, գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումները վերաքննիչում բողոքարկում էին մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները: Գործը ՍԴ ուղարկելով՝ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը խնդրել էր բարձր ատյանից պարզել երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև որոշել Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը:
Դատական նիստից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի որոշման պահանջները։
«Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները՝ իր դիմումը Սահմանադրական դատարան պետք է հետ վերցնի», - ասաց Պետրոսյանը։
«Ազատություն» հարցին՝ եթե չվերցնի ի՞նչ տեղի կունենա, պատասխանեց. «Ձեր հարցը օրենքից չի բխում»։
Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը ևս Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ այսօրվա որոշումներից հետո Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է ինքնաբացարկ ներկայացնի, նա չի կարող շարունակել այս գործի քննությունը։
«Ոչ, ես կարծում եմ, որ Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ կհայտնի, Դավիթ Գրիգորյանը նաև նախկինում երկու անգամ ինքնաբացարկ է հայտնել, և շատ եմ ցավում, որ չի կարողացել երրորդ անգամ ուժ գտնելու», - ընդգծեց Սեդա Սաֆարյանը։
Հարցին, թե ի՞նչ հիմքով, արձագանքեց. «Այն հիմքով, որ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված ակտ է։ Ակնհայտ կոպիտ, ոչ թե կոպիտ, ոչ թե ասենք Վերաքննիչ դատարանը, էլի եմ ասում, մի որոշման կապակցությամբ ընդհանրապես չէր կարող ուրիշ բան անել։ Դա Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու որոշումն է, որը կողմերի բացակայությամբ, միայն միանձնյա իրենց մասնակցությամբ ընթացել էր էդ դատական նիստը և չէր ապահովել, ինչպես կասեր Ալումյանը, զենքերի հավասարության սկզբունքը»։
Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանի բակում էին միայն Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները, ովքեր մեծ ուրախությամբ արձագանքեցին որոշումների հրապարակմանը։ Երկրորդ նախագահի աջակիցները, որոնք մոտ երկու շաբաթ ամեն դատական նիստի ներկա էին բակում և իրենց աջակցությունն էին հայտնում Քոչարյանին, այսօր չէին եկել դատարան։