Մատչելիության հղումներ

Ռոհանի. «Իրանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները մտավոր հետամնացության դրսևորում են»


Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների թիրախը իսլամական հանրապետության ամենաազդեցիկ գործիչն է` երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հրամանագիրը ստորագրելու ընթացքում երկուշաբթի երեկոյան Ալի Խամենեիին համառորեն Խոմեյնի էր անվանում:

«Այաթոլա Խոմեյնիի և նրա գրասենյակի միջոցները պատժամիջոցներից զերծ չեն մնա: Մենք համարժեք պատասխանի ենք արժանացնում Իրանի սադրիչ գործողությունները և շարունակելու ենք սաստկացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ», - Սպիտակ տանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Սրան զուգահեռ ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Վաշինգտոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ամերիկյան նոր պատժամիջոցների շնորհիվ Խամենեին և նրա շրջապատը կզրկվեն միլիարդավոր դոլարներ կազմող ֆինանսական ակտիվներից օգտվելու հնարավորությունից:

Մնուչինը նաև չի բացառել, որ առաջիկա օրերին թիրախային պատժամիջոցների հերթական զոհը կարող է դառնալ Իրանի կառավարության թերևս ամենակառուցողական դիրքորոշում ունեցող պաշտոնյան` Արտաէին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Այս բոլոր պատժամիջոցներն էլ շատ կարևոր են, հատկապես վերջին զարգացումների համատեքստում: Նախագահն ինձ հրահանգել է, որպեսզի այս շաբաթվա ընթացքում թիրախավորվի նաև Զարիֆը», - հայտարարել է Մնուչինը:

«Գերագույն առաջնորդի և Իրանի դիվանագիտության ղեկավարի դեմ նման անիմաստ պատժամիջոցների սահմանումը վերջնականապես փակում է դիվանագիտական լուծումների հնարավորությունը», - արձագանքելով վերջին զարգացումներին՝ Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աբաս Մուսավին:

«Խելագարություն»․ այսօր Թեհրանում հրավիրած խորհրդակցության ժամանակ այսպես բնութագրեց Վաշինգտոնի վերջին գործողությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Սպիտակ տան գործողությունները մտավոր հետամնացության վառ դրսևորում են: Դե ինչ արած, մարդը խելագարվել է և հիմարություններ է անում: Ո՞րն է պետության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու իմաստը: Ամերիկացիներն ասում են, թե պատժամիջոցների են ենթարկում մեր ղեկավարի ունեցվածքը: Բայց ի՞նչ ունեցվածքի տեր է մեր առաջնորդը` մի պարզ տուն և ընդունելության սրահ», - հայտարարել է Ռոհանին:

Ուշագրավ է ի դեպ, որ Թեհրանից հնչող այս հայտարարությունների ֆոնին Սպիտակ տան պաշտոնյաները այսօր կրկին խոսում են Թեհրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին:

Երուսաղեմում նման հայտարարությամբ հանդես եկավ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշման գլխավոր ջատագովը` Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը․ - «Նախագահը շարունակում է օրակարգում պահել իրական բանակցությունների հնարավորությունը: Այդ բանակցությունները պետք է միտված լինեն Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների ստեղծմանն ուղղված գործողությունների վստահելի և վերջնական դադարեցմանը, միջազգային ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությանը վերջ տալուն: Իրանին մնում է օգտվել այդ հնարավորությունից»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի համոզմամբ սակայն, Վաշինգտոնից հնչող բանակցությունների առաջարկներն անկեղծ չեն:

«Ինչպե՞ս կարելի է մի կողմից բանակցությունների առաջարկ հնչեցնել, մյուս կողմից պատժամիջոցներ սահմանել այն երկրի արտգործնախարարի հանդեպ, որի հետ պատրաստվում ես բանակցել», - տարակուսում է Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG