Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, կողմերն ընդգծել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշել այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Զրուցակիցները նշել են, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:
Ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումները՝ Մնացականյանը որպես կառավարության գերակայություն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս անկախության և անկողմնակալության ապահովմանը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել այս գործընթացում միջազգային և տարածաշրջանայի գործընկերների աջակցության համակարգումը և վերջիններիս փորձագիտության արդյունավետ օգտագործումը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը։
Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը: