Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի». ԼՀԿ պատգամավոր


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին մտահոգել է դատավոր Արմեն Դանիելյանի դիմումը Ոստիկանությանն՝ իր անվտանգությունն ապահովելու համար։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Բաբաջանյանն ասաց՝ եթե իրապես սպառնալիք է եղել դատավորի նկատմամբ, դա արդեն մտահոգիչ է։

Թեև, ինչպես պատգամավորը նշեց, դատավորն անսպասելիորեն մտավ խորհրդակցական սենյակ, սակայն Բաբաջանյանի կարծիքով, նա դուրս կգա այնտեղից «ժողովրդի լայն շերտերի համար սպասված որոշմամբ»։

«Ինձ ճիշտն ասած, շատ մտահոգեց փաստը, որ դատավորը դիմել է իրա անվտանգության ապահովման համար ոստիկանությանը, ես կուզեի իմանալ, թե երկու դատավորները, որոնք քննել են առհասարակ Քոչարյանի գործն ինչո՞վ են առնվազն բացատրել իրենց դիմումը Ոստիկանությունում, ի՞նչն է անհանգստացրել նրանց։ Եթե եղել է իրապես սպառնալիք, սա արդեն մտահոգիչ է, եթե կան կասկածներ, որոնք գալիս են նախկին վախերից, սա ևս շատ ուշագրավ է, որ դատարանը, թեև անսպասելիորեն մտավ խորհրդակցական սենյակ, այնուամենայնիվ դուրս կգա ժողովրդի լայն շերտերի համար սպասված որոշմամբ», - ասաց Բաբաջանյանը։

Պատգամավորի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, քանի որ Բաբաջանյանի գնահատմամբ, նա ընդունակ է ազդել գործի ընթացքի վրա։

«Խորը կասկածներ կան և վերջին շրջանում հատկապես Մարտի 1-ի զոհերի հարազատների ցուցմունքներն ինձ գալիս են ավելի ու ավելի ապացուցելու, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունակ է այնպիսի ազդեցություն գործել կարևորագույն վկաների վրա, որոնք կարող են էական նշանակություն թողնել գործի ընթացքի վրա», - ասաց Բաբաջանյանը։

Նշենք, որ վերաքննիչ դատարանն այսօր ժամը 16։00-ին հրապարակելու է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը:

Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանն այդ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին:

Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի որոշմամբ մայիսի 18-ին Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանը կալանքից ազատվեց, դատավորը անմիջապես կասեցրեց գործի վարույթը, այն ուղարկեց ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG