ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները Պատրիկ Շանահանի փոխարեն կատարելու է Մարկ Էսպերը:
«Բոինգ» ընկերության նախկին փոխնախագահ Շանահանը 2017 թվականին է նշանակվել ԱՄՆ պաշտպանության փոխնախարար և այս տարվա փետրվարին՝ նախարար Ջիմ Մաթիսի հրաժարականից հետո, նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ նշանակվել է նախարարի պաշտոնակատար:
Հունիսի սկզբին ամերիկյան մամուլում հրապարակվել են տեղեկություններ Շանահանի կողմից նախկին կնոջ և որդու նկատմամբ մոտ տասը տարի առաջ ընտանեկան բռնություն կիրառելու մասին:
Չմեկնաբանելով հրապարակումները՝ Շանահանը հայտնել է, որ ընտանեկան հանգամանքների բերումով չի հավակնում նախարարի պաշտոնին:
Թրամփը Թվիթերում գրել է, որ Շանահանը ցանկանում է «ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին»: Անցած ուրբաթ օրը Շանահանը հեռացել է Պենտագոնից:
Նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել Մարկ Էսպերին, ով երեկ առաջին անգամ այդ կարգավիճակով ժամանել է Պենտագոն:
ԱՄՆ զինվորական ակադեմիայի, Հարվարդի և Ջորջ Վաշինգթոնի համալսարանների շրջանավարտ 55-ամյա Էսպերը Պենտագոնում մեծ հարգանք է վայելում:
Նա մոտ մեկ տասնամյակ ծառայել է բանակում, մասնակցել է 1990-91 թվականների առաջին իրաքյան պատերազմին, ստացել է մի շարք մեդալներ և փոխգնդապետի կոչում:
Դրանից հետո նա բարձր պաշտոններ է զբաղեցրել քաղաքացիական հաստատություններում՝ վերլուծական կենտրոններում, կրտսեր Ջորջ Բուշի աշխատակազմում, Սենատում և Ներկայացուցիչների պալատում: 2017 թվականին նա նշանակվել է ԱՄՆ բանակի նախարար:
Դա պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական պաշտոն է: Բանակի նախարարը պատասխանատվություն է կրում մարդկային ռեսուրսների, պահեստի զինծառայողների հաշվառման, գույքի կառավարման, հաղորդակցության, ֆինանսների, սպառազեն պատվիրելու համար և անմիջականորեն ենթարկվում է միայն նախարարին:
Թրամփը հայտարարել է, որ Էսպերին մտադիր է առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնում: Էսպերի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: