Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյան․ Հրայր Թովմասյանը պետք է ընդունի իր մեղսակցությունը և պատվով հեռանա


«Ազատությունն» իր տաղավարում հյուրընկալել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին:

«Ազատություն»․ - Նախ պարզ, բայց բարդ հարցը՝ ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը:

Բաբաջանյան․ - Անթաքույց աջակցել եմ Վահե Գրիգորյանին, բուռն քննարկումների ժամանակ ես ևս ելույթ եմ ունեցել, իմ խմբակցությունից տարբերվող տեսակետ եմ հնչեցրել: Այնպես, ինչպես առաջին օրը, հիմա ևս վստահում եմ Վահե Գրիգորյանի աչալրջությանը և վստահ եմ, որ գործընթացները, որոնք ավելի ու ավելի փորձ է արվում սահմանադրական հունից տեղափոխել այլ հուն, ամեն ինչ կարվի, որպեսզի գործընթացները տեղի ունենան բացառապես օրենքի և իրավունքի շրջանակներում:

«Ազատություն․ - Ձեր կարծիքով այս պրոցեսների հետևում Ռոբերտ Քոչարյանը կանգնա՞ծ է: Քանի որ հենց Վահե Գրիգորյանը այդ հայտարարությունն արեց, հաջորդ օրը, կարծես ի պատասխան, Հրայր Թովմասյանն ասաց, որ քննության են առնելու այդ դիմումը:

Բաբաջանյան․ - Ես ընդհանրապես պիտի ասեմ, որ միայն Վահե Գրիգորյանի՝ արդեն որպես թեկնածու երևան գալը ողջ քաղաքական դաշտում տարբեր շերտեր տակնուվրա արեց, և ուշագրավ է, որ սահմանադրական կարգը որոշել են պաշտպանել այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ բռնաբարել են Հայաստանի սահմանադրությունը և ոչնչի առաջ չեն կանգնել սեփական նպատակներին ծառայեցնելու համար Սահմանադրությունն առհասարակ: Եվ կարծում եմ, որ պատահական չի, որ թե՛ Հանրապետական, թե՛ քոչարյանամերձ շրջանակները այս պահին լծված են Վահե Գրիգորյանին և նրա մտադրությունները քննադատելով: Մի նպատակ ունեն և շարունակում են առնվազն հույս տածել, որ հենց Սահմանադրական դատարանի կամ դատական իշխանության պահպանմամբ կկարողանան ռևանշի իրենց ծրագրերը իրագործել: Դա մեծ մարտահրավեր է բոլոր նրանց, ովքեր եղել են և մնում են այս փոփոխությունների և հեղափոխության կողքին, սա մարտահրավեր է Հայաստանի ապագային, որին մենք պարտավոր ենք ուղղակի պատվով դիմագրավել և որևէ խոչընդոտի առաջ մենք չենք կանգնելու: Մեզ որևէ բան չի կարող կասեցնել:

«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ ոչ Հրայր Թովմասյանը:

Բաբաջանյան․ - Ես նրան ճանաչում եմ 2003 թվականից, երբ նա առաջադրվում էր պատգամավորության թեկնածու «Ժառանգություն» կուսակցության ցուցակով: Եվ այն տրանսֆորմացիաները, որ տեղի են ունեցել նրա կյանքում, այն փոփոխությունները, որ տեղ են գտել՝ Հանրապետական կուսակցություն, այդ շրջանում՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում նա տեղ է գտել իշխանական կամ իշխանամերձ կերակրամանի շուրջ, հետո դարձել Հանրապետական կուսակցության վերարտադրության հիմնական դերակատարը: Առնվազն անպատվաբեր է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները և այդպիսի Սահմանադրական դատարանի նախագահի գոյությունը: Մենք պարտավոր ենք ներքին մեր տունը կարգի բերել, և էդտեղ դերակատարները շատ կարևոր են: Եվ այն դերակատարությունը, որը վերապահված է Սահմանադրական դատարանի նախագահին, պահանջում է անձնային այնպիսի որակներ, այնպիսի խիզախություն, որը, իմ խորին համոզմամբ, չի կրում Հրայր Թովմասյանը: Ուստի կարծում եմ, պատեհ է, որ ինքը անի հետևություններ և այն ռումբը, որ անձամբ է հեղինակել և դրել Սերժ Սարգսյանի տակ, իր կուսակցության տակ, ընդունի իր մեղքը և մեղսակցությունը և պատվով հեռանա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG