Մատչելիության հղումներ

Չնայած հարուցված քրեական գործերին՝ Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետը պատրաստ են համագործակցել


Նախընտրական քարոզչական պաստառները Աբովյանում, արխիվ
Նախընտրական քարոզչական պաստառները Աբովյանում, արխիվ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Աբովյանի վերընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանին I love Abovyan ստենդի համար դատի չի տվել: - «Դրա մասին ես պաշտոնական հայտարարություն եմ տարածել, անհեթեթ եմ համարում», - ասում է մարզպետը:

Կոտայքի մարզպետը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, Աբովյանի քաղաքապետը վայելում է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը: Այսօր ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ մարզպետը մի քանի դատական գործ է հարուցել Աբովյանի քաղաքապետի դեմ, մասնավորապես՝ Աբովյանի մուտքի մոտ տեղադրված I love Abovyan ցուցանակի համար, որը, իբր, խախտում է «Լեզվի մասին» օրենքը:

Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում հստակեցնում է՝ ԲՀԿ աջակցությունը վայելող Գևորգյանը մեղադրվում է 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում իրավախախտումներ թույլ տալու մեջ: Այս մասով քրեական գործ է հարուցվել, որը նախ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժվել է Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի կողմից, այնուհետև կրկին քրեական հանցագործության գնահատական է ստացել Գլխավոր դատախազի կողմից: Այժմ Գևորգյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

«Մենք ներկայացրել ենք բավականին խոսուն փաստեր, առնվազն գոնե հանցափորձի առումով և ակնկալում էինք ավելի խորը քննություն և հանգամանալից պարզաբանում քրեական գործ չհարուցելու պարագայում: Առնվազն օրենքի տեսակետից մեր լիազորությունների և իրավունքների մեջ էր բողոքարկելը, ինչի արդյունքում քրեական գործ հարուցվեց», - ասում է մարզպետը:

Չնայած Աբովյանի քաղաքապետի ընտրությունների լարված ֆոնին, քվեարկությանը նախորդած աղմկահարույց դեպքերին և փոխադարձ մեղադրանքներին՝ Պետրոսյանը վստահեցնում է՝ ԲՀԿ աջակցությունը վայելող Գևորգյանի հետ անձնական խնդիրներ չունի և պատրաստ է ողջ ծավալով համագործակցել նրա հետ․ - «Խոսքը ինստիտուտների մասին է, անձերի մասին չէ: Որևէ կոնտակտ չենք ունեցել: Բացարձակ խնդիր չեմ տեսնում, բայց նաև քաղաքական գնահատականներ եմ անում, իրավական գործընթացներն ընթացքում են և ինքս նաև հետամուտ եմ կանխելու հնարավոր ինքնիրավչությունները համայնքների ղեկավարների և ավագանու անդամների կողմից»:

Ինքը՝ Գևորգյանը, համաձայն է ՔՊ-ական մարզպետի հետ, նա «Ազատությանը» հայտնեց՝ իրենց միջև անձնական պայքար չկա․ - «Սա ինստիտուտների համագործակցությունա՝ համայնք, մարզպետարան, կառավարություն և մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև պարտավոր ենք համագործակցել»:

Իսկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին նախորդած ամենաաղմկահարույց դեպքի՝ ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի տան և մեքենայի հրկիզման գործը բացահայտելու ուղղությամբ, ըստ Գևորգյանի, օրինապահ մարմինները հետևողական աշխատանք են կատարում․ - «Իմ հորդորն ու խնդրանքն ա եղել իրավապահ մարմիններին, որ օր առաջ բացահայտվի, որովհետև ես էն անգամ էլ եմ ասել՝ դա զազրելի, կեղտոտ, սրիկա արարք ա եղել»:

Իր հերթին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշում է․ ֊ «Ես գիտեմ, որ օրինապահ մարմիններն ամբողջ ծավալով իրականացնում են այդ քննչական գործընթացները, հետաքննությունը, բայց այս պահին քանի դեռ հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ և ես զերծ կմնամ որևէ դիտարկումից»:

Աբովյանի բնակիչներն էլ «Ազատության» տեսախցիկի առաջ վստահեցնում էին՝ քաղաքում լարվածություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG