Մատչելիության հղումներ

Ձորակապի նախկին համայնքապետի կատարած չարաշահման փաստով քրեական գործ է հարուցվել


Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացնում են Շիրակի դատախազությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն 2014 թվականի ընթացքում կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածքներ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին ուղղված բովանդակությամբ կեղծ գրություններ: Դրանցում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, թե իբր Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991թ. որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից Ձորակապ համայնքի բնակիչ Ժ. Ա.-ին է հատկացվել 0,065457 հա և 0,017445 հա՝ հողատարածքներ: Վերջինս հիշյալ կեղծ փաստաթղթերը հողամասի հատակագծերի, շինությունների բնութագրերի, հողամասերի վրա առկա շինությունների հատակագծերի և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որոնց հիման վրա 2014 թ. ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։ Այնուհետև, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, Ժ.Ա.-ն, 2015թ. ՀՀ անունից հանդես եկող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր, ընդհանուր շուրջ 84 մլն դրամով օտարել է նշված հողատարածքներն ու դրանց վրա առկա գույքը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG