Մատչելիության հղումներ

«Մենք իրավիճակում ճիշտ ենք կողմնորոշվել»․ Ալեն Սիմոնյանը՝ վրաստանյան զարգացումների մասին


Վրաստանի խորհրդարանում նախօրեին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպի ժամանակ նիստին մասնակցող հայաստանյան պատվիրակությունը դահլիճից չի հեռացել, չնայած այնտեղ տիրող լարված իրավիճակին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պատմել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստը ընդհատվել էր այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այս տեսարանը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել՝ մասնավորապես նիստին ներկա վրացի պատգամավորների շրջանում: Բողոքի ակցիաներ էին սկսվել նաև խորհրդարանի միջացնքներում և փողոցում:

«Մենք չենք լքել, որևիցե մեկին չենք թողել այդ իրավիճակում, բայց հասկանում եք, որ ես պատվիրակության ղեկավարն եմ և պատասխանատվություն եմ կրում: Մենք սպասեցինք այնքան, մինչև ղեկավարությունը եկավ և որոշում հրապարակեց առ այն, որ միջոցառումը չի շարունակվում, և միայն դրանից հետո բոլորով լքեցինք դահլիճը», - պատմել է Սիմոնյանը:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նաև գնահատել է․ - «Որևիցե դրական և ուրախալի բան այդ ամենի մեջ չկա և չի կարող լինել, մենք ուղղակի շատ վատ իրավիճակում էինք հայտնվել բոլորով, որովհետև որևիցե կողմ պաշտպանել չէր կարելի, որովհետև մի կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները և ներկայացուցիչներն էին, մյուս կողմից Վրաստանի կուսակցություններից մեկի ներկայացուցիչները: Մենք սպասեցինք, մենակ չթողեցինք ո՛չ մեր վրացի գործընկերներն, ո՛չ մեր ռուս գործընկերներին, թեպետ կարող եմ ասել, որ իրավիճակը շատ լարված էր և ինձ համար, որպես պատվիրակության ղեկավար, նույնիսկ մի պահ կանգնած էր անվտանգության խնդիր»:

Ալեն Սիմոնյանը նաև վստահեցրել է, որ հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները՝ իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից, «բարձր են պահել և բարձր են պահում մեր երկրի վարկը»:

«Մենք իրավիճակում ճիշտ ենք կողմնորոշվել, չենք նեղացրել որևիցե կողմի, չենք վատթարացրել որևիցե հարաբերություն», - պնդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

Ի դեպ՝ առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Վրաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, փողոցային բախումներում վնասվածքներ է ստացել մոտ 70 մարդ, այդ թվում` 39 ոստիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG