Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետի տեղակալ միաձայն ընտրվել է Հայկ Սուլթանյանը


Գյումրիի քաղաքապետն այսօրվանից նոր տեղակալ ունի: Ավագանու արտահերթ նիստում ընդունված որոշմամբ այդ պաշտոնը ստանձնեց քաղաքապետարանի Կրթության բաժնի արդեն նախկին պետ Հայկ Սուլթանյանը:

Նախկին փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել օրերս՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:

Սուլթանյանի թեկնածությունն առաջադրել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը․ - «Էսօր ես առաջարկել եմ Հայկ Սուլթանյանին: Հայկ Սուլթանյանի հետ շատ երկար տարիներ աշխատում եմ արդեն: Ոչ միայն քաղաքապետարանում, այլ նաև այլ տեղեր աշխատել եմ: Հայկ Սուլթանյանը էստեղ աշխատել է տարբեր բաժիններում և արդարացրել է իրեն»:

Փոխքաղաքապետի թեկնածու Հայկ Սուլթանյանին ավագանու անդամները մի շարք հարցեր ուղղեցին:

Լևոն Բարսեղյանը, մասնավորապես, հարցրեց․ - «Ի՞նչ պետք է Ձեզ էս չարչարանքի մեջ մտնել»:

Սուլթանյանը պատասխանեց․ - «Ճիշտ եք ասում, էնտեղ ավելի հանգիստ է գործը, քան էստեղ: Պարոն Բալասանյանը ներկայացրեց․ մենք միասին անցել ենք շատ ճանապարհ աշխատանքային, արդեն նաև թիմային գաղափարի խնդիր կա: Ավելի շատ էս աշխատանքը պատասխանատվություն է: Եթե դուք նայեք, աշխատավարձի տեսանկյունից էլ էական տարբերություն չկա: Ավելի շատ մեծ բեռ է: Պարզապես եթե քաղաքապետը ներկայացրել է, գտել է, որ ես օգտակար կարող եմ լինել, ուրեմն ես չեմ կարող հրաժարվել»:

Բարսեղյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ է մտածում Սուլթանյանը քաղաքապետարանի աշխատակազմի մասին, արդյո՞ք կարիք կա վերանայելու հաստիքացուցակը:

«Հնարավոր է որոշակի հաստիքների կրճատում: Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ եթե կատարվի հաստիքների կրճատում, մեր քաղաքապետարանի հիմնական թերությունն այն է, որ մեր աշխատավարձերն է ցածր: Մարդկանց պետք է ոգևորես, մարդը պետք է բարձր աշխատավարձ ստանա»:

33 անդամ ունեցող ավագանին միաձայն կողմ քվեարկեց Հայկ Սուլթանյանի թեկնածությանը:

2012 թվականին Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ժամանակ Հայկ Սուլթանյանը թեկնածուներից մեկն էր: Հետագայում ինքնաբացարկ հայտնեց և Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո ստանձնեց քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը: Ավելի վաղ Բալասանյանն ու Սուլթանյանը թիվ 32 ընտրատարածքում մրցակիցներ էին խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG