Մատչելիության հղումներ

Հայաստանից Ռուսաստան արտահանված լոլիկը դատական քաշքշուկի պատճառ է դարձել


Հայաստանից Ռուսաստան արտահանված լոլիկը դատական քաշքշուկի պատճառ է դարձել, Նիդերլանդների քաղաքացի Տիգրան Զալինյանին նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Հունան Պողոսյանի եղբորը՝ Հովհաննես Պողոսյանին պատկանող «Արսուգրիգ» ընկերությունը մեղադրում է 2017 թվականին լոլիկի տեղափոխումը «ոչ պատշաճ» իրականացնելու մեջ:

Զալինյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով՝ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունն ի սկզբանե փչացած լոլիկ է ուղարկել:

«Լոլիկ, ցանկացած փչացած ապրանք բարձում են, ուղարկում Ռուսաստանի խորը, հեռու քաղաքներ՝ 5000, 4000 կիլոմետր հեռու, պայամանագրի մեջ հատուկ այնպիսի կետեր են, թակարդներ են պատրաստում, գրում, ուղարկում են ստացող կողմին՝ ռուսական կողմին, ռուսական կողմը գալիս է էսպես բացում է բեռնախցիկը ու ասում է, որ ինքը լոլիկը չի ընդունում», - նշեց Զալինյանը։

Զալինյանը, որի անունով գրանցված անհատ ձեռնարկությունը այլևս չի գործում՝ պահանջել է պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում պարտականությունների ոչ պատշաճ իրականացում՝ պնդելով, թե պայմանագրով սահմանված բոլոր կետերը կատարել է։

«Ի՞նչ եմ արել վերջապես, չնայած իմ պարտավորությունները հստակ գրված են՝ վճարել էս, էս ծախսերը, հասցնել տեղ էսինչ, էսինչ ջերմային ռեժիմով, էսքան, էսքան օրում», - ընդգծեց Զալինյանը։

Նիդերլանդների քաղաքացին կասկածներ ունի, որ իրեն պատկանող բեռնատարներով տեղափոխվող լոլիկը տեղական չէր, այն իր հերթին ներկրված է եղել հարևան Թուրքիայից, չնայած այդ ժամանակ թուրքական լոլիկի մուտքը ՌԴ արգելված էր։

«Մեր հայ գործարարները, այսպես կոչված, էդ լոլիկը երևի թե կոպեկներով առել են, բերել Հայաստան, դարձրել են հայկական արտադրանք։ Հետո Սերժին թվեր էր պետք երևի, որ արտադրությունը, գյուղատնտեսությունը հզոր աճ է ապահովում։ Այսինքն ուղղակի արկղերը փոխել են», - ասաց Տիգրան Զալինյանը։

Դատարան դիմած «Արսուգրիգ»-ը պնդել է, որ մոտ 30 հազար դոլարի վնաս է կրել, դատարանն էլ որոշել է բավարարել նախկին փոխոստիկանապետի եղբորը պատկանող ընկերության հայցը: Զալինյանը իր հերթին պնդում է՝ ի սկզբանե ասել են, որ ավելի քան 18 տոննա լոլիկի միայն 20 տոկոսն է փչացել, սակայն պահանջել են ամբողջի գումարը, այն էլ շուկայականից բարձր գնով։

«Կիլոգրամը 85 ռուբլիով, երբ որ տեղի շուկայում՝ Նովոսիբիրսկում արժե 12-20 ռուբլի», - ասաց նա։

Զալինյանը հրաժարվել է վճարել, առաջին ատյանին ընդհանուր իրավասության դատարանն էլ որոշել է կալանք դնել գործարարի միջոցների վրա, Նիդերլանդերի քաղաքացին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մերժվել է։ Նրա պնդմամբ՝ ողջ քաշքշուկը նախապես պլանավորված է եղել։

«Ես գիտեմ, որ էդ մեխանիզմի զոհ են գնացել նաև ևս երկու այլ փոքր փոխադրող կազմակերպություններ, և այդ գործը հիմա վճռաբեկում է», - նշեց Զալինյանը։

«Ազատությանը» հաջողվեց զրուցել նաև «Արսուգրիգ»-ի ներկայացուցչի հետ, թեև ընկերության գրասենյակ բարձրանալիս մի երիտասարդ պնդում էր՝ տնօրինությունն այստեղ չէ։

Ընկերության հաշվապահն ու տնօրենը նախ կապվեցին իրենց փաստաբանի հետ՝ ճշտելու՝ պատասխանե՞լ մեր հարցերին, թե՞ ոչ, ի վերջո որոշվեց՝ կխոսի ընկերության հաշվապահը, բայց առանց տեսախցիկի, նա հայտնեց՝ դատական ատյաններն ինչ որոշեն՝ կընդունեն ամբողջությամբ։

«Ինչ-որ տեսակետ մենք առանձնակի, չգիտեմ վարկաբեկելու ինչ-որ նմանատիպ խնդիր չունենք։ Ինչ կորոշեն մեր դատական ատյանները, մենք միայն դրան կողմնակից ենք արդարադատության, իսկ առանձնակի ինչ-որ մանրամասնություններ, բնականաբար, կներեք, մենք տրամադրելու լիազորություններ, ինչ-որ ցանկություն էլ չունենք», - նշեց հաշվապահը։

Ընկերությունից հրաժարվեցին այլ մեկնաբանություններ տալ։ Տնօրենը միայն հավելեց, թե նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ոչ մի կապ չունի եղբոր բիզնեսի ու դատական գործընթացների հետ: Տիգրան Զալինյանն այժմ պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել՝ պահանջելով կասեցնել իր միջոցների վրա կալանք դնելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG