Մատչելիության հղումներ

Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն. Նիկոլ Փաշինյան


Պետական բյուջեի մասով Կառավարությունն 2018 թվի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն և այլ կերպ գնահատել Կառավարության աշխատանքը, քան փայլուն, հնարավոր չէ, այսօր Ազգային ժողովում՝ ամփոփելով 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է, և նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել», - ասաց վարչապետը՝ մանրամասնելով. - «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել նախագահի մեկ ընտրություն, նախագահի մեկ փոփոխություն, վարչապետի հինգ ընտրություն, վարչապետի երկու փոփոխություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ և, ի վերջո, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում մակրոտնտեսական առումով, ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում։ Եթե այս առումով մոտենանք խնդրին, կարող ենք ասել, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է Հայաստանի Հանրապետության բնականոն կյանքը լիարժեքորեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG