Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես ցանկանում եմ Ռուսաստանի հետ հաշտության գալ», - Fox News-ի հետ զրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը, ով Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հայտարարել էր նաև հունիսի 12-ին:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այդուհանդերձ, հայտարարել է, թե տեղեկություններ չունի Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վերաբերյալ:
Մինչ այդ ՝ մայիսին, Սոչիում լրագրողների հետ զրույցում Պուտինը նշել է, թե Մոսկվան հույս ունի կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպել Ճապոնիայում:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները անցյալ տարի Բուենոս Այրեսում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում այդպես էլ առանձին հանդիպում չեն ունեցել, չնայած հնարավոր հանդիպման մասին բազմաթիվ նախնական հայտարարությունների: